Օրինական գույքը օտարման պայմաններում գնահատվել է որպես ապօրինի․ փաստաբան Վարազդատ Ասատրյան

Հունվարի 8-ին Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արմեն Սաքապետոյանի նկատմամբ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը՝ դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ։

Iravaban.net-ի հետ զրույցում Արմեն Սաքապետոյանի ներկայացուցիչ, փաստաբան Վարազդատ Ասատրյանը տեղեկացրել է, որ այս պահին դատավարությունը գտնվում է հարց ու պատասխանի փուլում։ Նրա խոսքով՝ հայցը պաշտպանական կողմի համար այս փուլում հստակ չէ, որովհետև որոշակի տարբերվող մոտեցում կա։ Փաստաբանի գնահատմամբ՝ գործը բացառիկ է նաև այն առումով, որ իրավասու մարմինը ժամանակի ընթացքում փոխել է իր դիրքորոշումը՝ թե՛ գնահատման ժամանակահատվածի, թե՛ նախկինում տրված գնահատականների մասով։ Այդ համատեքստում պաշտպանական կողմը փորձել է ստանալ հստակեցումներ, մասնավորապես՝ կատարված հաշվարկների, հաշվարկի մեթոդաբանության և ներկայացված գնահատականների վերաբերյալ։ Վարազդատ Ասատրյանը նշել է, որ դատական նիստի ընթացքում հնչեցվել են բազմաթիվ հարցադրումներ, որոնք մնացել են անպատասխան, իսկ որոշ պատասխաններ պաշտպանական կողմին չեն բավարարել։ Նրա խոսքով՝ առկա է նաև իրավիճակ, երբ օրինական եկամուտներով ձեռք բերված գույքը օտարման պայմաններում գնահատվել է որպես ապօրինի և ամբողջությամբ ներառվել է հաշվարկի մեջ՝ ունենալով համապատասխան ազդեցություն, ինչը պաշտպանական կողմի համար առնվազն ընդունելի չէ։

Leave a Comment