Քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի («Չաղ Ռուստամ») հոր՝ Ռոբերտ Ստեփանյանի սպանության գործով մեկ անձ ձերբակալվել է, հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը:
Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 18:38-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում կրակոցներ են հնչել։ Րոպեներ անց մեկ այլ ահազանգ էլ ստացվել է բժշկական կենտրոններից մեկից, որ հրազենային վնասվածքով շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել Ստեփանյանին։
Ըստ հաղորդագրության՝ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:35-ի սահմաններում, Կոմիտասի պողոտայի 44 շենքի բակում անհայտ անձը տարբեր տրամաչափերի հրազեններով կրակոցներ է արձակել «Տոյոտա» ավտոմեքենայի ուղղությամբ և դիմել փախուստի, ինչի հետևանքով Ստեփանյանը, մարմնի տարբեր հատվածներում ստանալով հրազենային վնասվածքներ, մահացել է։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նրա՝ ավտոմեքենայում գտնվելու վերաբերյալ տեղեկատվություն է փոխանցել մայրաքաղաքի 41-ամյա բնակչին։ Վերջինս էլ, ըստ ոստիկանության, իր մոտ պահվող ապօրինի զենքերից կրակոցներ է արձակել Ստեփանյանի ուղղությամբ, ինչից հետո 41 և 45-ամյա տղամարդիկ դեպքի վայրից դիմել են փախուստի։
Նշվում է, որ պարզվել է հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը։ Երևանի 41-ամյա բնակիչը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած մյուս անձին հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։
ԶԼՄ-ն հունվարի 4-ին հաղորդել էր, որ իրավապահները պարզել են սպանության հեղինակների ինքնությունը:
