
Ըստ լրատվամիջոցի, Նաթանյահուի կառավարությունը Լիբանանի հարավում «Հըզբալա»-ի հենակետերի «ոչնչացման ռազմագործողությունը հետաձգել է՝ սպասելով Իրանում իրադարձությունների ընթացքին»: Ուշագրավ է, որ Իսրայելի հետախուզության գնահատմամբ՝ «Իրանում բողոքի ներկայիս ցույցերը կրոնապետությունը տապալելու անհրաժեշտ ներուժ չունեն»: Երուսաղեմում, այդուհանդերձ, հավանական են համարել, որ Իրանի հոգեւոր առաջնորդը կարող է «ընդունել Իսրայելին հարվածելու որոշում և բանակին տրվել են բոլոր ցուցումները»:
Այս ֆոնին Irna-ն հայտնել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հունվարի 8-ին մեկնել է Լիբանան, որտեղ հանդիպումներ կունենա «բարձրագույն ղեկավարության հետ»: Լիբանանի և Իրանի հարաբերությունները վերջին շրջանում լարված են՝ կապված «Հըզբալա»-ի զինաթափման հարցում տարաձայնությունների հետ: Արաբական աղբյուրները հայտնել են, որ «Հըզբալան» Լիբանանի հարավի «հենակայաններից ծանր սպառազինությունները դուրս է բերել, ինչպես նաև կրճատել մարտիկների թվաքանակը»:
Հայտնի է դարձել, որ հունվարի 5-6-ին Իսրայելի վարչապետի ռազմական հարցերով խորհրդական և «Մոսադի» տնօրենի թեկնածուՀովֆանը Փարիզում բանակցություններ է վարել Սիրիայի անցումային կառավարության արտգործնախարար Շայբանիի հետ: Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները: Այս համատեքստում տագնապալի լուրեր են ստացվել Հալեպից, որտեղ Սիրիայի կառավարական ուժերի և քրդական զինված կազմավորումների միջև մարտեր են բռնկել: Թուրքիայի պաշտպանության նախարար Գյուլերը «Սիրիայի ժողովրդավարական ուժերին» սպառնացել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել, եթե վերջինս չզինաթափվի:
Մերձավոր Արևելքում և Իրանում, այսպիսով, նոր տարին սկսվել է լարվածության կտրուկ աճով, որ հղի է լայնածավալ պատերազմի սպառնալիքով: Մտահոգիչ է հատկապես Իրանում ստեղծված իրավիճակը և հարեւան երկրում «արմատական փոփոխությունների անխուսափելիության» մասին ադրբեջանական փորձագիտական հանրության դիտարկումների ուղղորդված հետևողականությունը: Պաշտոնական Բաքուն առերևույթ չեզոքություն է պահպանում, բայց մամուլի հրապարակումների տոնայնությունից հասկացվում է, որ իրանական թեման «ներքին մշակումների առարկա է»: