Երեւանն ու Բաքուն ապրանքացանկեր են փոխանակել առուվաճառքի համար

Հայաստանը եւ Ադրբեջանը նախնական ապրանքախմբերի ցանկեր են փոխանակել, թե ինչ կարող են վաճառել ու գնել, կա հետաքրքրություն, գործընթաց, այսօր կայացած ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ ցանկերն այժմ ուսումնասիրվում են։

Կառավարության ղեկավարը պատմել է, որ փոխվարչապետերի հանդիպման ժամանակ Ադրբեջանի փոխվարչապետը հայտնել է, որ Բաքուն պատրաստ է նավթամթերք վաճառել։

Հայաստանի կառավարությունը, նախնական ուսումնասիրելով դաշտը, այն գործարարներին, որոնք, գործադիրի գնահատմամբ, հակված չեն լինի դրանից քաղաքական ակցիա սարքել, հայտնել է նման հնարավորության մասին։

«Ընկերությունները, եթե չեմ սխալվում Հայաստանի կողմից երկու ընկերություն, կապ են հաստատել։ Իմիջիայլոց՝ բոյկոտի դրսեւորում է եղել առաջին խմբաքանակի ներկրման ժամանակ, որովհետեւ եղան ցանցեր, որոնք հրաժարվեցին վաճառել այդ բենզինը, ինչը նշանակում է, որ մեր նախնական մտահոգությունը եւ մտավախությունը ճիշտ էր»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ շուկան եւ հնարավորությունը բաց է բոլորի համար, ով ուզենա, կարող է դրանից օգտվել։ Վարչապետը շեշտել է, որ այստեղ որեւէ սահմանափակում չկա։

Leave a Comment