Հալեպում ռմբակոծության հետևանքով հայեր են վիրավորվել․ ABC Media-ի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է Հալեպի հայ համայնքի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը։
«Մանրամասներ չգիտեմ՝ քանի հոգի են, բայց քիչ առաջ տեղեկացա, որ գիշերվա ռմբակոծության հետևանքով են վիրավորվել։ Վնասվել է նրանց տներն ու մեքենաները»,- ասել է Ռեիսյանը։
Հալեպում վիճակը շարունակում է լարված մնալ, մինչ այժմ լսվում են հրաձգության ու հարվածների ձայներ, լայնամասշտաբ ռազմական գործողություններ չեն արձանագրվել։
«Քաղաքը, սակայն, բնականոն հունով չի գործում։ Թաղամասերը հայտարարվել են զինվորական գոտի, և բնակիչներին կոչ է արվել լքել այդ տարածքները։ Չնայած սպասվում էր հնարավոր հարձակում, երեկ երեկոյան իրավիճակը համեմատաբար կայուն է եղել։ Խանութների մի մասը բաց է, և քաղաքացիները հիմնականում կարողանում են ձեռք բերել առաջին անհրաժեշտության ապրանքներ, այդ թվում՝ հաց։ Սակայն իրավիճակը չի կարելի համարել նորմալ»,- ասել է Ռեիսյանը։
Արդեն կան ընտանիքներ, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները։ Որոշները ժամանակավորապես տեղավորվել են մզկիթներում ու այլ բացված սրահներում։ Հայ համայնքի համար ազգային առաջնորդարանի սրահները բացվել են՝ ապաստան տրամադրելու նպատակով այն ընտանիքներին, որոնք այլ մնալու տեղ չունեն։
Հայ համայնքի ներկայացուցիչների կողմից բնակչությանը փոխանցվել են հեռախոսահամարներ՝ ցանկացած դժվարության կամ կարիքի դեպքում արագ արձագանք ապահովելու համար։ Գործում են նաև կամավորական խմբեր, իսկ Կարմիր խաչի բուժկետը շարունակում է բաց մնալ՝ բժշկական օգնություն տրամադրելու նպատակով։ Ըստ Ժիրայր Ռեիսյանի՝ համայնքները փորձում են հնարավորինս աջակցել միմյանց։