Ռուսաստանը ցնցված է Կրեմլի կարևոր դաշնակից Նիկոլաս Մադուրոյի գերեվարումից, բայց Մոսկվայում նախագահ Դոնալդ Թրամփի ներխուժումը Վենեսուելա նաև ներկայացնում է վերադարձ մեծ տերությունների քաղաքականությանն՝ աշխարհակարգին, որտեղ ավելի մեծ, իմպերիալիստական պետություններն անպատիժ կերպով գերիշխում են իրենց տարածաշրջանային ազդեցության ոլորտները․ գրել է The Washington Post-ը։
Ինչպես նշվել է, Ռուսաստանի տատանվող տնտեսությունը գտնվում է նոր պատժամիջոցների ազդեցության տակ, և վերլուծաբանները նշում են, որ Մոսկվան աստիճանաբար նվազեցրել է իր հետաքրքրությունըՎենեսուելայի նկատմամբ։ Ըստ փորձագետների՝ Ռուսաստանի համար, իհարկե, ուկրաինական ճգնաժամը շատ ավելի կարևոր է, քան Վենեսուելայինը։
The Washington Post-ը նկատել է, որ նույն արձագանքի բացակայությունը զգացել են նաև Կրեմլի այլ կարևոր դաշնակիցներն, այդ թվում՝ Սիրիան, Իրանը և Հայաստանը, որոնք նույնպես հույսը դրել են Մոսկվայի աջակցության վրա: Սիրիայի տապալված բռնապետ Բաշար ալ-Ասադը 2024 թվականի դեկտեմբերին Դամասկոսից փախուստից ի վեր ապրում է Մոսկվայում, իսկ օգոստոսին Հայաստանը Սպիտակ տանը խաղաղության համաձայնագիր է ստորագրել իր վաղեմի թշնամու՝ Ադրբեջանի հետ, որտեղ Թրամփը ժպտում էր հպարտ ծնողի պես: Այս շրջանակը նաև ԱՄՆ-ին իրավունք է տվել կառավարել և զարգացնել երկար ժամանակ վիճարկվող «Զանգեզուրի միջանցքը», որը տարածաշրջանի կարևոր ռազմավարական օղակ է:
Deutsche Welle-ի հետ զրույցում անվտանգության փորձագետ Նիլ Մելվինը ևս շեշտել է, որ սա առաջին դեպքը չէ, որ Պուտինը բաց է թողնում դաշնակցին․ «Ռուսաստանը կորցրել է Հայաստանը, Սիրիան, իսկ հիմա՝ Վենեսուելան»։ Ըստ փորձագետի՝ Ռուսաստանի միջազգային դիրքերը զգալիորեն թուլանում են, քանի որ այն սրում է իր պատերազմն Ուկրաինայի դեմ և չունի նման հարաբերությունները պահպանելու ռեսուրսներ։