Սան Սեբաստիան ներկայացնող «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ներկայացուցիչ Յոն Անդեր Մունդուատեն պարզաբանումներ է ներկայացրել կիսապաշտպան Արսեն Զախարյանի ապագայի վերաբերյալ։
Sport24-ի հետ զրույցում ակումբի ներկայացուցիչը հերքել է ֆուտբոլիստի հնարավոր հեռացման մասին շրջանառվող լուրերը և մեկնաբանել գլխավոր մարզիչ Պելեգրինո Մատարացոյի վերաբերմունքը հայազգի խաղացողի նկատմամբ։
«Գլխավոր մարզիչը գոհ է Զախարյանից, իսկ ինքը՝ Արսենը, առանց որևէ խնդրի մարզվում է և պատրաստվում «Խետաֆեի» դեմ հանդիպմանը։ Թե՛ մարզիչը, թե՛ ակումբը չեն դիտարկում Զախարյանի հեռանալու տարբերակը», — նշել է ակումբի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Պելեգրինո Մատարացոն «Ռեալ Սոսյեդադը» գլխավորել է 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ կնքելով պայմանագիր մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Զախարյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։ Կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետը իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։