Գրենլանդիան բաց է ԱՄՆ լրացուցիչ զորքերի տեղակայման հարցի քննարկման համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. CNN

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Գրենլանդիան պատրաստ է քննարկել կղզում ամերիկյան լրացուցիչ զինվորական ստորաբաժանումների հնարավոր տեղակայման հարցը։ Այս մասին նա ասել է CNN-ին տված հարցազրույցում։

«Ես լիովին համոզված եմ, որ երբ խոսքը վերաբերում է ՆԱՏՕ-ին և հյուսիսային ուղղությամբ իրավիճակի գնահատմանը, մենք բոլորս ունենք նույն դիրքորոշումը։ Ինչ վերաբերում է կոնկրետ Գրենլանդիային, ապա գիտեմ, որ նրանք բաց են ամերիկյան լրացուցիչ զորքերի տեղակայման հարցի քննարկման համար։ Այդ առումով որևէ խնդիր չկա, քանի որ առկա են համապատասխան համաձայնագրեր»,- նշել է Ռյուտեն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու անհրաժեշտության մասին։ Իր նախագահության առաջին ժամկետի ընթացքում նա առաջարկել էր գնել կղզին, իսկ 2025 թվականի մարտին վստահություն էր հայտնել, որ այն հնարավոր է գրավել՝ միաժամանակ սպառնալով բարձր առևտրային մաքսատուրքեր սահմանել Դանիայի նկատմամբ, եթե Կոպենհագենը փորձի խոչընդոտել այդ գործընթացին։

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը շարունակաբար մերժում է ԱՄՆ-ի նման առաջարկները՝ ընդգծելով, որ Գրենլանդիան իր երկրի անբաժան մասն է։

Leave a Comment