«Բարսելոնան» ավարտին է հասցնում «Ալ-Հիլալի» աջ պաշտպան Ժոաու Կանսելուի տեղափոխության գործընթացը։ Կատալոնական ակումբը պորտուգալացուն կվարձակալի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ պարտավորվելով վճարել նրա աշխատավարձի մի մասը։
Ըստ Jijantes-ի տեղեկությունների՝ ֆուտբոլիստի ժամանումը Կատալոնիայի մայրաքաղաք նախատեսված է ուրբաթ` հունվարի 9-ին։ Նույն օրն էլ նա կանցնի պարտադիր բուժզննումը։
Գործարքի պաշտոնական հայտարարության հստակ օրը դեռևս որոշված չէ. այն ուղղակիորեն կախված է Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ հանդիպման ելքից, որտեղ «Բարսելոնան» ուժերը կչափի Բիլբաոյի «Ատլետիկի» հետ։
Հիշեցնենք, որ Ժոաու Կանսելուն արդեն ունի «կապտանռնագույնների» կազմում հանդես գալու փորձ. 2023/24 մրցաշրջանում նա վարձավճարով տեղափոխվել էր «Բարսելոնա» անգլիական «Մանչեսթեր Սիթիից»։ Սաուդյան Արաբիան լքելու որոշում կայացրած 31-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված էր նաև միլանյան «Ինտերը», սակայն ֆուտբոլիստը նախընտրել է վերադառնալ Իսպանիա։