Վաշինգտոնի վարչակազմը սպառնում է սպանել կամ առևանգել Վենեսուելայի քաղաքացիական անվտանգության հարցերով փոխնախագահ, ներքին գործերի, արդարադատության և խաղաղության հարցերով նախարար Դիոսդադո Կաբելյոյին։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը։
Ըստ աղբյուրների՝ ամերիկյան իշխանությունները նախազգուշացրել են Կաբելյոյին, որ նա «կարող է հայտնվել թիրախների ցուցակի առաջին տեղում, եթե չօգնի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսին կատարել ԱՄՆ-ի պահանջները և պահպանել կարգուկանոնը»։
Reuters-ը նշում է, որ Վաշինգտոնի համոզմամբ՝ Կաբելյոն հավատարիմ է մնում ԱՄՆ-ի կողմից առևանգված նախագահ Նիկոլաս Մադուրոյին։ ԱՄՆ-ը ծրագրում է «ստիպել նրան համագործակցել» անցումային շրջանում, իսկ վերջնարդյունքում՝ «հեռացնել իշխանությունից և ուղարկել վտարանդիության»։
Գործակալության տվյալներով՝ ամերիկյան կողմը միջնորդների միջոցով Կաբելյոյին հայտնել է, որ եթե նա համառի, նրան կարող է սպասել «նույն ճակատագիրը, ինչ Մադուրոյին», կամ «նրա կյանքը կարող է վտանգի տակ հայտնվել»։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնում մտավախություն ունեն, որ Կաբելյոյի սպանությունը կարող է քաոսի հանգեցնել Վենեսուելայում։
Աղբյուրները հավելում են, որ ԱՄՆ իշխանությունների թիրախների ցուցակում է նաև Վենեսուելայի պաշտպանության նախարար Պադրինո Լոպեսը։ Վաշինգտոնը ձգտում է համագործակցության հասնել նաև այս նախարարի հետ։
Հոդվածից հետևում է, որ Վաշինգտոնը ներկա փուլում նպատակահարմար չի համարում իշխանությունը հանձնել Նոբելյան մրցանակակիր Մարիա Կորինա Մաչադոյի գլխավորած ընդդիմությանը, քանի որ վերջինս «չի կարողանա պահպանել խաղաղությունը»։ ԱՄՆ-ն ավելի շահավետ է համարում, որ երկիրն առայժմ ղեկավարի Դելսի Ռոդրիգեսը, որից պահանջում են.
-
Պայքարել թմրանյութերի մատակարարման դեմ:
-
Երկրից վտարել անվտանգության ոլորտի «կուբացի մասնագետներին»:
-
Դադարեցնել համագործակցությունն Իրանի հետ։
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ԱՄՆ-ը հարձակվել է Կարակասի վրա, գերեվարել Մադուրոյին և նրա կնոջը, ովքեր այժմ գտնվում են Նյու Յորքի Բրուքլինի մեկուսարանում։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի կառավարումն անցնում է ԱՄՆ-ին և ակնկալում է փոխհատուցում ամերիկյան նավթային ընկերությունների համար։ Հունվարի 6-ին նա հայտնել է, որ Վենեսուելան ԱՄՆ-ին կփոխանցի 30-50 մլն բարել նավթ, իսկ այդ գործարքից ստացված եկամուտները կվերահսկի անձամբ ինքը։