Իրանում երրորդ ուժերը փորձում են քաոս հրահրել, չի հաջողվելու, Իրանը Վենեսուելան չէ. հայկական քաղաքական էլիտաները պետք է գործեն զգուշավոր. իրանցի վերլուծաբան

Արդեն 10 օր է՝ Իրանում երկրի տնտեսական վատթարացման պատճառով սկսված զանգվածային բողոքի ցույցերն անընդմեջ շարունակվում են։ Ցույցերը սկսվեցին դեկտեմբերի 28-ին՝ Իրանի մայրաքաղաք Թեհրանում խանութպանների գործադուլով, որոնք դժգոհություն էին հայտնում ԱՄՆ դոլարի նկատմամբ իրանական ռիալի կտրուկ անկման կապակցությամբ, ինչը հանգեցրել է արագ գնաճի։

CNN-ի կողմից մեջբերված Պետական ​​վիճակագրական կենտրոնի տվյալների համաձայն՝ 2025 թվականի դեկտեմբերին Իրանում գնաճի մակարդակը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մինչև 42.2%-ով, մինչդեռ սննդամթերքի գները միջինում աճել են 72%-ով։

Ցույցերը հատկապես ակտիվ լուսաբանում են արևմտյան ԶԼՄ-ները՝ ընդգծելով բողոքի ցույցերի աննախադեպությունն ու մասշտաբայնությունը:

Հաղորդվում է, որ իրանական «Մարդու իրավունքների ակտիվիստներ» գործակալության (HRANA) տվյալներով՝ հունվարի 5-ի դրությամբ բողոքի ցույցերի ժամանակ սպանվել է առնվազն 29 մարդ, այդ թվում՝ երկու իրավապահ մարմինների աշխատակից։ Ձերբակալվել է ավելի քան 1200 մարդ։ HRANA-ն նշում է, որ ցուցարարների կարգախոսները գերազանցում են տնտեսական պահանջները և ներառում կառավարության քննադատություն և արդարադատության կոչեր: BBC Persian-ի տեսանյութերից պարզ է դառնում, որ ցուցարարները վանկարկում են «Ազատություն, ազատություն, ազատություն», ինչպես նաև՝ «Մահ բռնապետին»:

Ցույցերի առաջին օրերին իրանական իշխանությունները խոստովանեցին՝ տնտեսական դժվարություններ կան, բայց նաև մեղադրեցին արտասահմանյան ցանցերին «քաոսի և անկարգությունների հանգեցնող տնտեսական բողոքի ցույցեր հրահրելու» մեջ, իսկ դատական ​​համակարգի ղեկավար Ղոլամհոսեյն Մոհսենի Էջեին զգուշացրեց՝ «անկարգությունների մասնակիցների նկատմամբ որևէ մեղմություն չի լինի»: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարեց, որ «ապստամբները պետք է իրենց տեղը դրվեն»:

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խոստացավ դրամավարկային և բանկային համակարգերը կայունացնելու համար բարեփոխումներ իրականացնել: Թեհրանում հանրային հավաքի ժամանակ իր ելույթում Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի հակառակորդները պատժամիջոցների և տնտեսական սահմանափակումների միջոցով փորձում են խոչընդոտել երկրի առաջընթացը՝ միաժամանակ իրենց ներկայացնելով որպես Իրանի ժողովրդի պաշտպաններ։ Նա քննադատել էր Իրանի ժողովրդի վրա արտաքին ճնշումը, չնայած մարդու իրավունքների պաշտպան լինելու իրենց պնդումներին՝ ընդգծելով, որ երկիրը հզոր է իր ժողովրդի շնորհիվ։

Իրանում բռնկված ցույցերին զուգահեռ, հատուկ գործողություն իրականացնելով Վենեսուելայի նախագահի ու նրա տիկնոջ նկատմամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրեց՝ Իրանը «շատ ծանր հարված կստանա, եթե ավելի շատ ցուցարարներ զոհվեն»։

«Մենք շատ ուշադիր հետևում ենք, եթե նրանք սկսեն մարդկանց սպանել, ինչպես անցյալում, Միացյալ Նահանգները նրանց շատ ծանր հարված կհասցնի»,- լրագրողներին ասել էր Թրամփը։

Սպիտակ տան ղեկավարը, սակայն, չէր մանրամասնել, թե ինչ քայլեր է դիտարկում ԱՄՆ-ը։ ԱՄՆ Պատերազմի պետքարտուղար Հեգսեթն էլ ակնարկել էր, թե Վենեսուելան և Իրանը փոփոխության հնարավորություն ունեին, որից չօգտվեցին: Այս հայտարարությունը ևս մի շարք վերլուծաբաններ գնահատել են՝ որպես նախազգուշացում Իրանին:

168.am-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Խայալ Մուազինն ասաց, որ արևմտյան մամուլում տարածվող տեղեկությունները, թե ցուցարարները քաղաքներ են գրավել, չի համապատասխանում իրականությանը:

Նրա փոխանցմամբ՝ Իրանում իսկապես ցույցեր են տեղի ունենում, որոնք կրում են մեծամասամբ խաղաղ, քաղաքացիական բնույթ և ուղղված են տնտեսական դժվարությունների դեմ: Վերլուծաբանի խոսքով, առանձին գործիչների փորձերը՝ խիստ քաղաքականացնել տեղի ունեցողը, չի հաջողվել:

«Ցույցերի հենց սկզբից ականատես եղանք այն բանին, որ հենց ցուցարարներն իրենք թույլ չտվեցին մի խումբ մարդկանց քաղաքականացնել այս ամենը: Իրանի հասարակությունը բարձր քաղաքական հասունություն է ցուցաբերում և հիանալի հասկանում է, որ արտաքին ուժերն օգտագործում են ստեղծված իրավիճակը ներքին կայունությունը խաթարելու համար: Այս օրերին շատ են տարածվում հին տեսանյութեր, ֆեյք լուրեր, որոնք Իրանի դեմ ներկայիս տեղեկատվական պատերազմի բաղադրիչ են: Արվում է ամեն բան՝ հանրային կարծիքը խեղաթյուրելու համար, իսկ նման հրապարակումները շատ արագ տարածվում են»,- ասաց Խայալ Մուազինը:

Նա նշեց, որ Իրանի Գերագույն առաջնորդը հանդես է եկել ելույթով՝ ասելով, որ ժողովուրդը բողոքի իրավունք ունի, սակայն ԱՄՆ-ի հույսերը չեն արդարանալու և ԱՄՆ-ը «պարտություն է կրելու»:

«Բացի այդ, ԱՄՆ-ի ու Իսրայելի որոշ պաշտոնյաների ելույթներից պարզ դարձավ, թե ովքեր են կանգնած որոշ իրադարձությունների ետևում: Թրամփը պետք է հասկանա, որ Իրանի ներքին գործերին միջամտությունն ապակայունացնելու է ողջ ռեգիոնը և քայքայելու է ամերիկյան շահերը, դա ամերիկացի ժողովուրդը պետք է իմանա: Թրամփն է սկսել այս ավանտյուրան, իրենք պետք է իրենց զինվորներին պաշտպանեն: Փեզեշքիանը ևս հայտարարեց, որ փորձում են լուծել տնտեսական ճգնաժամը, իսկ ժողովուրդը խաղաղ բողոքի իրավունք ունի:

Ուղերձները հստակ են, բայց ներկայումս Իրանում երրորդ ուժերն են փորձում ապակայունացնել իրավիճակը, ստեղծել քաոս, իրենց մոտ դա չի ստացվում: Հետախուզությունն ու ոստիկանությունն օպերատիվ կերպով աշխատում են՝ ձերբակալելով մի շարք գործակալների»,- ասաց Խայալ Մուազինը:

Անդրադառնալով ԱՄՆ նախագահի՝ իրավիճակին միջամտելու սպառնալիքին, վերլուծաբանն ասաց, որ դա հռետորաբանություն է: Ըստ Խայալ Մուազինի, ԱՄՆ-ը նման փորձեր բազմիցս արել է, սակայն ամեն անգամ դրանք ձախողվել են:

«Իրանը ցույց է տվել, որ պատրաստ է պաշտպանել սեփական ինքնիշխանությունը: Իրանը Վենեսուելան չէ, միաբևեռ աշխարհն ավարտված է, և Իրանի դեմ ավանտյուրան կարող է աղետալի հետևանքներ ունենալ նախաձեռնողների համար»,- նշեց նա:

Անդրադառնալով Երևան-Վաշինգտոն-Բաքու օգոստոսյան պայմանավորվածություններին, «Թրամփի ուղի» ծրագրին, ինչպես նաև Իլհամ Ալիևի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարություններին՝ Խայալ Մուազինն ասաց, որ Քասիմ Սուլեյմանիի սպանությունից հետո Իրանի ռազմավարական նպատակներից մեկը ռեգիոնից ԱՄՆ ներկայության դուրսբերումն է: «Որպես օրինակ՝ կարող եմ նշել Աֆղանստանից ԱՄՆ-ի ելքը, ուստի Թեհրանն ուշադրությամբ է հետևում Անդրկովկասում տեղի ունեցող բոլոր այն պայմանավորվածություններին, որոնք կարող են անդրադառնալ անվտանգության վրա:

Իրանի իշխանությունը հստակ նշել է, որ ցանկացած պրոյեկտի, որը կարող է ապակայունացնել իրավիճակը, Իրանը չի աջակցելու, չի փակելու իր աչքերը դրանց վրա: Կովկասն ու հայ-իրանական հարաբերությունները Թեհրանի համար ռազմավարական նշանակություն ունեն, Իրանը թույլ չի տա լարվածություն սեփական սահմանների մոտ»,- նշեց նա:

Խայալ Մուազինն ասաց, որ ԱՄՆ-ի ու սիոնիստական ռեժիմի փորձը՝ Հարավային Կովկասը ներքաշել սեփական աշխարհաքաղաքական խաղերի մեջ, ուղղված է հարևան երկրիների միջև վստահության քայքայմանը և ուժային փխրուն հավասարակշռության վերացմանը:

«Այնտեղ, որտեղ հայտնվում են ամերիկյան կամ սիոնիստական շահերը, նրանց հետևից գալիս է անկայունություն, քաոս ու արյուն: Ուստի հայկական քաղաքական էլիտաները պետք է գործեն զգուշավոր, չտրվեն արտաքին ճնշումներին և հաշվի առնեն, որ Իրանը մնում է տարածաշրջանային իրական անվտանգության երաշխավորը, այլ ոչ թե օտարների ռազմավարության գործիքը:

Առանց Իրանի մասնակցության՝ ռեգիոնում որևէ քաղաքական հարց չի կարող լուծվել: Ժամանակակից Իրանը, չնայած տարբեր կարծիքներին, ցուցադրում է կայունություն, հասունություն, արտաքին ազդեցություններին դիմակայելու ունակություն: Իրանն այն քիչ ուժերից է, որը կարող է զսպել Արևմուտքի էքսպանսիոն քաղաքականությունը՝ պահպանելով Եվրասիայի հավասարակշռությունը»,- ասաց նա:

Leave a Comment