«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Ole-ին տված հարցազրույցում (հղում անելով LUZU TV-ին) անկեղծացել է իր ներկայիս կյանքի, անցյալի դժվարությունների և հայրենի քաղաքի հանդեպ ունեցած զգացմունքների մասին։
Խոսելով ԱՄՆ տեղափոխվելուց հետո իր կենսակերպի մասին՝ Մեսսին նշել է տարբերությունը Բարսելոնայի հետ։
«Ընտանիքիս հետ ապրում ենք Մայամիի ավելի խաղաղ հատվածում։ Այստեղ կյանքն ընթանում է ամերիկյան ոճով. մարդիկ կա՛մ ապրում են իրենց առօրյայով, կա՛մ առանձնապես մեծ նշանակություն չեն տալիս ֆուտբոլին։ Այստեղ մեր կյանքը շատ կանոնակարգված է. մենք հարմարվում ենք երեխաներին, խորապես ներգրավված ենք նրանց գրաֆիկի մեջ՝ դպրոցից հետո տանում ենք մարզումների»,- պատմել է ֆուտբոլիստը։
Նա հիշել է նաև կատալոնական ժամանակաշրջանը.
«Ես գործնականում ծնվել եմ Բարսելոնայում և ապրել այնտեղ ողջ կյանքս։ Մարդիկ սովոր էին ինձ տեսնել փողոցում, ես միշտ այցելում էի նույն վայրերը, և դա նորմալ էր ընկալվում»։
Մեսսին վերհիշել է նաև իր կարիերայի վաղ շրջանը, երբ կարող էր հայտնվել արգենտինական գրանդներից մեկում։
«Փոքր հասակում մեկնեցի «Ռիվեր Փլեյթ»՝ փորձաշրջանի։ Մարզվեցի, և մոտ 10 օր անց ինձ ասացին, որ ցանկանում են պահել ինձ թիմում։ Նրանք պատրաստ էին հոգալ բուժման և մյուս ծախսերը, իսկ ես պետք է ապրեի հանրակացարանում»։
Սակայն տեղափոխությունը ձախողվեց բյուրոկրատական խնդիրների պատճառով.
«Նրանք ասացին, որ չեն կարող կազմակերպել տրանսֆերը, և ես պետք է վերադառնամ ու թույլտվություն ստանամ «Նյուելս Օլդ Բոյսից»։ Երբ գնացի թույլտվություն խնդրելու, նրանք, բնականաբար, մերժեցին։ Դա շատ բարդ պահ էր, և ամեն ինչ ձախողվեց»։
Չնայած համաշխարհային փառքին՝ Մեսսին շարունակում է հատուկ զգացմունքներ տածել իր ծննդավայրի նկատմամբ, որտեղ սկսել է իր ուղին «Նյուելս Օլդ Բոյսի» կազմում։
«Ես պաշտում եմ գնալ Ռոսարիո, հատկապես դեկտեմբերին՝ տոներին։ Ինձ դուր է գալիս լինել այնտեղ՝ ընտանիքիս, ընկերներիս և հարազատներիս կողքին։ Դա ամենահրաշալի բանն է ինձ համար»,- նշել է նա։
Այնուամենայնիվ, նրա հանգիստն անցնում է բավականին փակ ռեժիմով.
«Անկեղծ ասած՝ ես տնից դուրս չեմ գալիս։ Կա՛մ գնում եմ մորս տուն, կա՛մ եղբորս մոտ… միայն տնից տուն։ Բայց ինձ դուր է գալիս այնտեղի մարդկանց մթնոլորտն ու էներգետիկան»։