Հայաստանի Հանրային ռադիոն այս տարի մի մեծ հոբելյան ունի: Լրանում է հայկական ձայնասփյուռի մեկ դարը: Մեր հաղորդաշարը ներկայացնելու է այս 100-ամյա ծերուկի մշտապես երիտասարդ պատմությունը, որն արձանագրված է ժապավենների վրա:
Ի՞նչն ավելի լավ կպատմի հոբելյարի մասին, քան այն աշխատանքը, որ կատարվել է այս ընթացքում, այն հաղորդումները, որ պատրաստվել են ամենատարբեր խմբագրություններում, պատմությունը երաժշտական այն համույթների՝ անսամբլների մասին, որոնք ստեղծվել են այս հաստատության պատերից ներս:
Այսօր մենք պատմելու ենք 1958թ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում հիմնված և 1970-ից մինչև 2001-ը Ռադիոհեռուստատեսության պետական կոմիտեում գործող Ջութակահարների անսամբլի մասին: Ու՞մ էր պատկանում նման բացառիկ մի անսամբլ ստեղծելու գաղափարը, որի նմանը չկար աշխարում: Իհարկե, հրաշալի երաժիշտ, ջութակահար Գևորգ Աճեմյանին:
68 տարի առաջ հենց նա իրագործեց այս գաղափարը՝ Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոցի իր 16 աշակերտներով: 1970-ին, երբ անսամբլը դարձավ պետական և Ռադիոհեռուստատեսության մեծ ընտանիքի լիիրավ անդամ, սկսվեց ձայնագրությունների շրջանը: Ժապավենների վրա անմահանում էին Աճեմյանի տաղանդը և ջութակահարների վիրտուոզ կատարումները: Ռադիոյի ոսկե ֆոնդը համալրվում է հրաշալի կատարումներով:
Անսպասելի շրջադարձերով հարուստ էր Գևորգ Աճեմյանի կյանքը: Ծնվել էր Բաքվում, 1923թ. պարսկահպատակ ընտանիքում, և դա էր պատճառը, որ 1937-ին սովետական երկրից արտաքսվեցին Պարսկաստան: Երաժշտական առաջին դասերն առավ այստեղ և երազեց Հայաստան գալու և Երևանի երաժշտանոցում սովորելու մասին: Վերջապես եկավ1946 թվականը և հայրենադարձության առաջին քարավանները հասան Հայաստան: Աճեմյանները՝ ևս:
23 ամյա Գևորգի առաջին գործը Երևանում երաժշտանոցը գտնելն էր: Հարցուփորձ անելով՝ հայտնվեց այսօրվա Արամ և Տերյան փողոցների անկյունում, որտեղ այն ժամանակ տեղակայված էր երաժշտանոցը: Պարզվեց, ընդունելության վերջին օրն էր: Հավաքված դիմորդներից մեկից խնդրեց ջութակը և նվագեց ընդունող հանձնաժողովի առջև: Գևորգը ընդունվեց միանգամից 3-րդ կուրս:
Գևորգ Աճեմյանը ոչ միայն ղեկավարում էր Ջութակահարների անսամբլը, այլև մեծ բծախնդրությամբ և պրոֆեսիոնալիզմով սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները հարմարեցնում էր այս համույթի համար: Վիվալդի, Հենդել, Արամ Խաչատրյան, Բախ, Դմիտրի Շոստակովիչ, Սերգեյ Պրոկոֆև, Առնո Բաբաջանյան, Էդուրադ Միրզոյան, Ալ. Հարությունյան, Ավետ Տերտերյան և ուրիշներ, որոնց ստեղծագործությունները կատարվել են Ջութակահարների անսամբլի կողմից:
Ավագ սերունդը շատ լավ կհիշի այս փառահեղ անսամբլի ելույթները ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համերգասրահներում և դրա նիհարավուն, տաղանդավոր ղեկավարին: Ինչպես ասացինք, նման անսամբլ որևէ երկրում չկար: Բայց հայկական օրինակը և նախադեպը վարակիչ եղավ և տարբեր երկրներում ստեղծվեցին նմանօրինակ համույթներ: Անսամբլը բազում շրջագայություններ ունենեցավ, «Մելոդիա» ֆիրմայում թողարկվեցին Ջութակահարների անսամբլի ձայնասկավառակները:
Կարգապահություն և էլի կարգապահություն, սա էր անսամբլի ղեկավարի պահանջը ջութակահարներից: Եվ արդյունքն ակներև էր: 40 տարի Գևորգ Աճեմյանը ղեկավարեց անսամբլը: 1998-ին՝ իր մահից հետո այն վերանվանվեց իր անունով՝ և կոչվեց Ազգային ռադիոյի Գևորգ Աճեմյանի անվան Ջութակահարների անսամբլ, որի ղեկավարը դարձավ նրա այրին՝ Անահիտ Աճեմյանը: Ցավոք, անսամբլը 2001-ին արդեն դադարեցրեց իր գործուներությունն այս հաստատությունում, բայց թողեց ձայնագրությունների հսկայական ֆոնդ: