7 հունվարի 2026 – 16:43 AMT
PanARMENIAN.Net – ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է հայ դահուկորդ Միքայել Միքայելյանի քայլին, որը Tour de Ski մրցաշարի ժամանակ կպչուն ժապավենով փակել էր մարզահագուստի վրա գրված «Ադրբեջան» բառը, ինչի հետևանքով տուգանվել է։
«Սպորտը պետք է լինի սպորտի մասին: Կարևոր է, որպեսզի մենք մարզական հրապարակում մրցման ժամանակ հնարավորինս հետևենք արդար, ազնիվ սպորտի բոլոր կանոններին»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Նախարարը նշել է, որ Հայաստանը ձեռնարկել է մի շարք միջազգային կոնվենցիաների վավերացման գործընթաց։
«Կարևոր եմ համարում, որ այդ բոլոր կանոններն առաջին հերթին պահպանվեն մասնակցող բոլոր կողմերի կողմից»,- ընդգծել է նա։
Անդրեասյանն ասել է, որ դիմել են Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիային՝ հասկանալու նախ և առաջ ինչ չափի տուգանքի մասին է խոսքը, արդյոք որակազրման հարց քննարկվել է, թե ոչ, պատասխանից կորոշեն իրենց գործողություններ, կհասկանան հաջորդ քայլերի ձեռնարկման նպատակահարմարությունը։
Երիտասարդ դահուկորդը պատմել է, որ առավոտյան՝ մրցույթի մեկնարկից մոտ 2 ժամ առաջ էր ստացել հանդերձանքը, տեսնելով «Ադրբեջան» գրությունը՝ որոշել է, որ այդ երկրի անունը կրծքին սահքի դուրս չի գա: Այդ մասին գրել է «Ազատությունը»:
«Փակեցի ու գնացի մեկնարկի։ Ինձ համար իմ արժանապատվությունը, իմ հայրենիքն ավելի վեր է։ Դե, իհարկե, ժյուրին դա նկատեց, մրցույթից հետո կանչեցին իրենց սենյակ, մենք խոսեցինք, ես պատճառաբանեցի, թե ինչումն է խնդիրը, որ փակել եմ այդ ժապավենը: Նրանք ասացին՝ մենք քեզ հասկանում ենք, ընդունում ենք, սակայն Միջազգային ֆեդերացիայի օրենքներով բոլոր հովանավորները պետք է տեսանելի լինեն», – պատմել է Միքայել Միքայելյանը։
Ընթերցեք նաև․ Դահուկորդ Միքայելյանը՝ «Ադրբեջան» բառը փակելու համար տուգանվելու մասին․ Հայրենիքս, արժանապատվությունս ավելի վեր են