Մեծ Բրիտանիան չունի Ուկրաինայում զորքեր տեղակայելու ռեսուրսներ. Նայջել Ֆարաժ

Վերջին ամիսների հարցումներում առաջատար դիրք զբաղեցնող աջակողմյան «Reform UK» կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաժը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան «անկարող» է զորքեր տեղակայել Ուկրաինայում։

«Մենք կարող ենք վեցից ութ շաբաթով մտնել, բայց եթե խոսքը Հռենոսի բրիտանական բանակի (Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Արևմտյան Գերմանիայում տեղակայված բրիտանական զորքեր) ժամանակակից վերամարմնավորման մասին է, մոռացեք դրա մասին», — ասել է Ֆարաժը ասուլիսում։

«Մենք անկարող ենք այդ անել։ Եվ չնայած պաշտպանական ծախսերի վերաբերյալ բոլոր խոստումներին, դրանցից ոչ մեկը դեռևս չի կատարվել», — հավելել է նա։

Կիևի դաշնակիցները՝ «Կամավորների կոալիցիայի» շրջանակում, Փարիզում կայացած հանդիպման ընթացքում ստորագրել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին հռչակագիր։ Փաստաթուղթը նախատեսում է երկարաժամկետ անվտանգության մեխանիզմներ և աջակցություն Ուկրաինային՝ պատերազմի ավարտից և հնարավոր զինադադարից հետո։

Բացի այդ, Կիևը, Փարիզը և Լոնդոնը փաստաթուղթ են ստորագրել Ուկրաինայում զորքերի տեղակայման մասին։

Ստորագրվել է նաև մտադրության հռչակագիր, որը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի խոսքով, հրադադարից հետո իրավական հիմք է ստեղծում բրիտանական, ֆրանսիական և գործընկեր այլ երկրների զորքերի տեղակայման համար։

Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան նախատեսում են Ուկրաինայի տարածքում ստեղծել ռազմական կենտրոններ, ինչպես նաև ապահով և պաշտպանված օբյեկտներ՝ զենքի և ռազմական տեխնիկայի պահեստավորման համար։ Նրա խոսքով՝ սա Ուկրաինային երկարաժամկետ աջակցության անսասան հանձնառության կարևոր բաղադրիչ է։

Leave a Comment