Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը կաջակցի երկրաշարժից վնասված հայկական եկեղեցու վերականգնմանը. Պոլսո Հայոց պատրիարք

Հունվար 07,2026 14:47

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը կաջակցի հայկական  Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցու վերականգնմանը, հայտնում է Պոլսո հայոց պատրիարքությունը:

Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարք Հայրը, 6 Յունուար 2025, Երկուշաբթի երեկոյ, Գումգաբուի Ս. Աստուածածին Աթոռանիստ Մայր Եկեղեցւոյ յարակից Յարութիւն Ամիրա Պէզճեան սրահին մէջ ընդունեց համայնքային մարմիններու ներկայացուցիչներու տօնական շնորհաւորութիւնները։

Նորին Ամենապատուութիւնը, իր շուրջ ունենալով Աթոռոյս վեղարաւոր միաբաններն ու քահանայ հայրեր, ժամը 15.30-ին իջաւ Յարութիւն Ամիրա Պէզճեան սրահ եւ աղօթքով բացաւ հաւաքը։ Մեր Հոգեւոր Պետը նախ ընդհանուր գնահատականը ըրաւ անցեալ 2025 տարւոյն եւ ըսաւ թէ հոգեւորականաց դասը նոր ոյժ ստացած է Արժ. Տ. Արսեն Քհնյ. Էքինճեանի, Արժ. Տ. Նարեկ Քհնյ. Տէյիրմէնճեանի եւ Արժ. Տ. Ոսկի Քհնյ. Սարգիսեանի ձեռնադրութեամբ:

Նորին Ամենապատուութիւնը անդրադարձաւ նաեւ համայնքի գլխաւոր խնդիրներէն վարժարաններու պիւտճէներու բացի հարցի լուծման համար սարքուած մատաղօրհնութեանց արձանագրած ըստ բաւականի յաջողութեան:

Մեր Հոգեւոր Պետը յիշեց նաեւ տարուան ընթացքին իրականացած մշակութային, գեղարուեստական եւ մարզական զանազան միջոցառումները՝ ընդգծելով, որ անոնք ցոյց կու տան համայնքի կենսունակ եւ արդիւնաւէտ բնոյթը:

Դէպի մայրաքաղաք Անգարա կատարած այցի վերաբերեալ Նորին Ամենապատուութիւնը ըսաւ, որ Իսկենտէրունի Ս. Քառասուն Մանուկ Եկեղեցին, որ վնասուած էր 6 Փետրուարի երկրաշարժի պատճառաւ, կը ներառնուի Մշակոյթի եւ Զբօսաշրջութեան Նախարարութեան աջակցութեան ծրագրին մէջ: Մեր Հոգեւոր Պետը յայտարարեց նաեւ, որ նոյն նախարարութեան աջակցութեամբ յառաջիկայ օրերուն պիտի իրականանայ Ալիս Մանուկեանի մեծարանքի երեկոյթ մը:

Ապա համայնքային դէմքերէ փափաքողներ խօսք առնելով իրենց կարծիքները յայտնեցին եւ գաղափարի փոխանակումներ տեղի ունեցան։

Հաւաքը վերջ գտաւ աղօթքով ու Ամենապատիւ Տիրոջ տուած օրհնութեամբ։

Ապա ներկաներ օրհնեալ նուռ ստացան եւ աջհամբոյրով շնորհաւորեցին մեր Հոգեւոր Պետը, միաբան հայրերը եւ զիրար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Leave a Comment