«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը սոցցանցի իր էջում հրապարակել է լուսանկարներ Նիկոլ Փաշինյանի երեկվա ուխտերթից, լուսանկարներում երևում է, որ երթի մասնակիցների շարքում է նաև Մարտունու բժշկական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը:
Մենք կապվեցինք Հարությունյանի հետ՝ նախ հարցնելով, թե ինքն իրոք մասնակցե՞լ է, և ի՞նչն է պատճառ, որ հիվանդանոցը թողել, 120 կմ կտրել-հասել է Երևան այդ քաղաքական ակցիային մասնակցելու համար: Հարությանն ասաց, որ Երևանում է եղել, ներկա է եղել երթին, իրեն ոչ ոք չի ստիպել, իր կամքով է մասնակցել, ու հավելեց՝ «Մտել մոմ եմ վառել, դուրս եմ եկել»:
Հարցրինք՝ կիսո՞ւմ է Փաշինյանի տեսակետները, որ կաթողիկոսը պետք է հեռանա. «Որպես քաղաքացի յուրաքանչյուրն իր իրավունքն ունի, ես էլ իմ իրավունքներից կարո՞ղ եմ օգտվել, թե՞ չէ»,- ասաց Հարությանը: Դիտարկմանը, որ իր դիրքորոշումն է հետաքրքիր, պատասխանեց. « Ես գնացել եմ, մոմ եմ վառել, դուրս եմ եկել, ես չեմ որոշում կաթողիկոսին նշանակեմ, ազատեմ, կամ որևէ բանով նպաստեմ դրան»: