«Անվտանգության նկատառումներից ելնելով» Հալեպի Հայ Առաքելական Եկեղեցին չեղյալ է հայտարարել հանգուցյալների հիշատակի` Մեռելոցի արարողությունը։ Հունվարի 6-ին քաղաքում կրկին բախումներ են սկսվել Սիրիայի կառավարական ուժերի և քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) միջև, որոնք վերածվել են հայաբնակ թաղամասերի մոտ բախումների. հնչել են կրակոցներ, տեղի է ունեցել հրետակոծություն:
Ըստ «Kantsasar»-ի` եկեղեցին կոչ է արել հավատացյալներին հանգուցյալների հոգու հանգստության համար աղոթել տանը:
Տեղի թղթակիցները հայտնել են առնվազն 4 մահվան և բազմաթիվ վիրավորների, այդ թվում՝ երեխաների մասին։ Հալեպի նահանգապետը հունվարի 7-ը հայտարարել է ոչ աշխատանքային օր՝ դադարեցնելով դասերը և փակելով պետական հաստատությունները, արգելելով հանրային հավաքները։ 24 ժամով դադարեցվել է Հալեպի միջազգային օդանավակայանի աշխատանքները:
«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հիշատակի արարողությունը չեղյալ է հայտարարվել: Մենք խնդրում ենք ձեզ աղոթել մահացածների հոգիների հանգստության համար ձեր տներում», — ասվում է Հալեպի Հայ Առաքելական Եկեղեցու հրապարակային հաղորդագրության մեջ:
Հունվարի 6-ի կեսօրին Հալեպում բախումներ են սկսվել սիրիական բանակի և Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) քրդական ներքին անվտանգության ստորաբաժանումների միջև։
Բախումների հարակից տարածքներում գտնվում են հայաբնակ թաղամասեր, որոնք նույնպես հայտնվել են վտանգավոր գոտում։ Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ երեկոյան ժամերին բախումների սրման հետևանքով գրանցվել է մահվան 4 դեպք, հաղորդվել է 15 վիրավորի մասին, այդ թվում՝ երեխաների։
Մարտերը տեղի են ունենում Հալեպի Շեյխ Մաքսուդ, Աշրաֆիե և սիրիական թաղամասերում։ Բախումների մոտ գտնվող հայաբնակ թաղամասերում մինչ այժմ գրանցվել է միայն նյութական վնաս։