7 հունվարի 2026 – 11:04 AMT
PanARMENIAN.Net – Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ կատարված Հայրապետական պատարագի իր ուղերձում իր զորակցությունն ու ողջույններն է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, հայտնում է Aysor.am-ը:
«Անթիլիասի մայրավանքից եղբայրական ջերմ սիրով ողջունում ենք մեր հոգևոր եղբայր ու Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ Գարեգին Երկրորդին, եղբայրական սիրով ողջունում ենք Երուսաղեմի հայոց պատրիարք, Տեր Նուրհան արքեպիսկոպոսին, և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք՝ Տեր Սահակ արքեպիսկոպոսին՝ իրենց մաղթելով եկեղեցաշեն ծառայությամբ լեցուն երկար գահականություն։
Հայրական ջերմ սիրով ողջունում ենք մեր Սուրբ աթոռի թեմակալ առաջնորդ սրբազաններին, իրենց գլխավորած ազգային իշխանություններին, մեր հոգևոր դասին, մեր կրթական մշակութային, բարեսիրական և ազգային կառույցներին՝ իրենց մաղթելով երկար տարիների ծառայություն»,- նշել է նա։
Հունվարի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միանալ ՀԱԵ բարեփոխմանը: Փաշինյանն ընթերցել է հայտարարությունը ֆեյսբուքյան եթերում, որից հետո հայտարարությանը միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները ստորագրել են այն:
Փաշինյանը հայտնել է, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որի վրա դրված են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպման պարտականությունները։ Այդ խորհուրդը կարող է համալրվել միայն միաձայն որոշմամբ։