Իրանում ինը օր տևած փողոցային բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն 35 մարդ, ձերբակալվել՝ ավելի քան 1200 ցուցարար, հաղորդում է DW-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով «Իրանում մարդու իրավունքների ակտիվիստներ» իրավապաշտպան կազմակերպությանը և դրա HRANA մեդիա ցանցին։
HRANA-ի տվյալներով՝ Իրանում դեկտեմբերի վերջին սկսված բողոքի ցույցերը տեղի են ունեցել առնվազն 88 քաղաքներում կամ երկրի 31 նահանգներից 27-ում։ Իրավապաշտպանների տվյալներով՝ որոշ պահի Իրանի անվտանգության ուժերը սկսել են ուժ կիրառել ցուցարարների դեմ, հատկապես փոքր քաղաքներում անցկացվող հանրահավաքների ժամանակ։
Այս գործողությունները բողոքի նոր ալիք են առաջացրել խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Մաշհադում և Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Երկրի առնվազն 17 համալսարանների ուսանողներ միացել են ցույցերին։ Ի պատասխան, ըստ ուսանողական լրատվամիջոցների, անվտանգության ուժերը սկսել են խուզարկություններ անցկացնել համալսարանական համալիրներում։ Ընդհանուր առմամբ, երկրում սկսված բողոքի ցույցերը դարձել են Իրանում ամենամեծը 2022 թվականից ի վեր, երբ 22-ամյա Մահսա Ամինիի մահը «բարոյականության ոստիկանության» կողմից ձերբակալվելուց հետո հանրային վրդովմունք առաջացրեց։
Իրանը սպառնացել է որևէ մեղմություն չցուցաբերել ցուցարարների նկատմամբ։
Իրանում զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում գրանցված 35 մահվան դեպքերից 29-ը ցուցարարներ էին, չորսը՝ երեխաներ, իսկ երկուսը՝ անվտանգության ուժերից։
Ավելի վաղ իրանական պետական լրատվամիջոցները հաղորդել էին առնվազն մեկ նման հնարավոր դեպքի մասին՝ Բասիջ ռազմականացված ուժերի 21-ամյա անդամի սպանությունը, որը ենթարկվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ), Քուհդաշտ քաղաքում տեղի ունեցած ցույցի ժամանակ։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, անվտանգության ուժերը փորձել են մահացու ուժ կիրառել Քուհդաշտում ցույցը ցրելու համար։ Ի պատասխան՝ ցուցարարները սկսել են քարեր նետել, ինչը կարող էր հանգեցնել Բասիջի անդամի մահվան։
Հունվարի 5-ին Իրանի Իսլամական Հանրապետության դատական համակարգը հայտարարեց, որ բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվածների նկատմամբ որևէ մեղմություն չի ցուցաբերվի։ Միևնույն ժամանակ, Իրանը 2025 թվականին մահապատժի է ենթարկել գրեթե 2000 մարդու՝ նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելի։
Հիշեցնենք նաև The Times-ը՝ հղում անելով հետախուզական զեկույցին, հայտարարել էր, որ Այաթոլլահ Խամենեին պլանավորում է փախչել Մոսկվա։
Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի