Անցած տարվա ակտիվ բանակցությունների և աշխատանքի շնորհիվ Հայաստանն արտաքին քաղաքականության ոլորտում նշանակալի իրադարձություններ է սպասում 2026-ի սկզբից։ Ակնկալվում է, որ նման իրադարձություն կարող է դառնալ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան։ Տևական ժամանակ է, ինչ դրա հավանականության մասին լուրեր են պտտվում, անգամ ժամկետներ են նշվում։ Վերլուծաբաններն այդ այցի հետ բավական լուրջ և ծանրակշիռ իրադարձությունների հույսեր են կապում։
Այս խոսակցություններն ակտիվանում են այն պատճառով, որ նոր տարվա առաջին իսկ օրերին Ադրբեջան է այցելել ԱՄՆ սենատի պատվիրակությունը։
2026-ի առաջին իսկ օրերից համառորեն շարունակվում են անցած տարեվերջից շրջանառվող խոսակցությունները ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի՝ Հայաստան հնարավոր այցի մասին։ Ընդ որում՝ նույնիսկ ժամկետ է նշվում՝ փետրվարը։ Այդ մասին խոսակցություններն ավելի են ակտիվանում, երբ իրադարձությունները դիտարկվում են համեմատության մեջ։
Նոր տարվա առաջին օրերից Ադրբեջանում է Միացյալ Նահանգների սենատի պատվիրակությունը, որը գլխավորում է զինված ուժերի կոմիտեի անդամ, Օքլահոմայից հանրապետական սենատոր Մարկվեյն Մալնը։ Նա համարվում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր և հավատարիմ զինակիցներից մեկը։ Դատելով պաշտոնական տեղեկատվությունից՝ քննարկումների մի զգալի հատվածը նվիրվել է TRIPP ծրագրին։
Հենց այս ծրագրի հետ են վերլուծաբանները կապում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի հնարավոր այցը Հայաստան։ Այս առումով, սակայն, պաշտոնական Երևանը դեռ ոչ մի հաստատում չի արել։
Հայ պաշտոնյաները TRIPP ծրագրի մասին խոսելիս զգուշավոր են ժամկետների հարցում։ Այդպես օրինակ, Հանրային ռադիոյի եթերում Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն ասել է․
«Շատ լուրջ, շատ ինտենսիվ նախապատրաստական աշխատանքի մեջ ենք գտնվում։ Վարչապետն էլ վերջերս նաև հայտարարեց, որ քննարկվում է այս պահին մի շրջանակային փաստաթուղթ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև, որով, ըստ էության, կֆիքսվեն, կարձանագրվեն և նաև, ինչը պակաս կարևոր չէ, կհանրայնացվեն գլոբալ խաղի կանոնները, թե ինչպես պետք է ստեղծվի հայ-ամերիկյան կազմակերպությունը, որը պետք է գրանցվի Հայաստանում, թե ընդհանուր առմամբ TRIPP-ը, որպես կոմունիկացիոն պրոյեկտ, ինչպես է աշխատելու։ Մենք բավականին մոտ ենք ավարտելու այս փաստաթղթի շուրջ քննարկումները։ Հուսով եմ` նոր տարին արդեն կբերի այդ նորությունները, կավարտենք և կհրապարակենք փաստաթուղթը»։
Կոստանյանը, սակայն, այս պահին արդեն պնդում է, որ «Թրամփի ուղու» անվտանգությունը կապահովեն բացառապես հայկական ուժային կառույցները։
Ավելի վաղ՝ 2025-ի տարեվերջին, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը չէր բացառել, որ առաջիկա շաբաթներին պատրաստ կլինի TRIPP-ին առնչվող առաջին փաստաթուղթը։
«Եվ հետագայում արդեն կհասնենք նրան, որ հաջորդ տարվա երևի երկրորդ կեսին «գետնի վրա» շինարարություն էլ կունենանք»։
Շատ վերլուծաբանների համոզմամբ՝ այս իրադարձությունն է Հայաստան բերելու ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային։ Նման այցի հավանականության մասին առաջինը խոսեց «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, ապա թեմային սոցցանցում անդրադարձավ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ Ընդ որում՝ անուններ չեն հրապարակել, պարզապես օգտագործել են «չափազանց բարձրաստիճան պաշտոնյա» ձևակերպումը։
Ըստ որոշ տեղեկությունների՝ փետրվարին Հայաստան է այցելելու ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։ Հայաստանի ԱԳՆ-ից ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել են այս լուրը՝ նշելով, որ իրենք այցերի մասին կտեղեկացնեն։
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանի համոզմամբ՝ այցը կարող է լինել կոնկրետ իրադարձության շրջանակում․
«Իհարկե, հնարավոր է։ Ինչո՞ւ պետք է դա հնարավոր չլինի, հատկապես հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման համատեքստում և Միացյալ Նահանգների համար այս կարևորագույն պրոյեկտի իմպլեմենտացիայի համատեքստում։ Ժամանակագրորեն այն խոսակցությունները, որոնք մենք լսում ենք, համադրելով «հողի վրա» տեղի ունեցող իրադարձությունների հետ, կանխատեսում եմ, որ դա կարող է կապված լինել TRIPP-ի հիմնարկեքի հետ։ Ինչո՞ւ։ Մեկ մեխ են խփելու, դա լինելու է հիմնարկեք։ Այսինքն դա լինելու է շինարարության մեկնարկը, դա նշանակում է, որ պայմանավորվածություններն ու փաստաթղթավորումը ավարտված է, դա է շատ կարևոր։ Այսինքն` ինքը հիմնարկեքը լինելու է նշանային իրադարձությունը, որ պլանավորումից մեզ տեղափոխելու է այլևս իմպլեմենտացում, այսինքն` կառուցում այդ պրոյեկտի, ու դա շատ կարևոր է լինելու ոչ միայն բուն կոմունիկացիաների համատեքստում, այլ նաև ավելի ընդհանուր հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում»։
Հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում, ի դեպ, Ադրբեջանը փորձում է առավելագույնը կորզել նաև Միացյալ Նահանգներից։ Վերջին օրերին ադրբեջանական կողմը մի քանի անգամ տարբեր հարթակներում, նաև ամերիկյան կոնգրեսականների հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահը անդրադարձել են Ադրբեջանին ուղղակի ամերիկյան օգնության տրամադրումը արգելող 907-րդ լրացմանը։ Ըստ ադրբեջանական կողմի՝ այդ սահմանափակումը չի համապատասխանում երկու երկրների հարաբերությունների զարգացման այժմյան մակարդակին և հարվածում է Հայաստանի հետ խաղաղության գործընթացին։
Հայաստանի հետ հարաբերությունների մասին Ալիևը խոսել է տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ Հայաստանը և Ադրբեջանն արդեն մի քանի ամիս ապրում են խաղաղության պայմաններում՝ ասել է նա, նշելով՝ «սովորում ենք, թե ինչ է նշանակում ապրել խաղաղության պայմաններում»։ Կապուղիներից և ճանապարհներից խոսելիս նա հայտարարել է, որ տնտեսական և տրանսպորտային տեսանկյունից պարտվողներ չեն լինի։
Քաղաքագետ Արեգ Քոչինյանը համոզված է, որ TRIPP-ի հիմնարկեքը կարող է խթան հանդիսանալ նաև «Խաղաղության պայմանագրի» կնքման համար։
«Չեմ բացառի, որ եթե TRIPP-ի հիմնարկեքը լինի օրինակի համար փետրվարին, որովհետև խոսում եմ փետրվարի այցի մասին, ես չեմ բացառում, որ դա որոշակի շղթա առաջացնի իրադարձությունների, որոնք կարող են բերել նրան, որ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը ստորագրվի մինչև ընտրություններ այն հաշվարկով, որ ընտրություններից հետո տեղի կունենա այդ ստորագրված համաձայնագրի ռատիֆիկացիան՝ խորհրդարանական վավերացումը»։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ամփոփելով 2025-ի աշխատանքները, ավելի վաղ ասել էր, որ Ադրբեջանի հետ բանակցություններն առհասարակ այն հարցն է, որից ակնկալիքներ կան, բայց ժամկետներ նախանշել հնարավոր չէ։ Թեև կողմերը խաղաղությունը հաստատված են համարում, փաստաթղթի վերջնական ստորագրման ճակատագիրը դեռ պարզ չէ։ Այս հարցով բանակցություններ և հանդիպումներ կարծես թե չկան, փաստաթղթի տեքստի վրա աշխատանքներն ավարտված են։ Ըստ նախարարի՝ գործընթացն այս պահին զարգացում չունի․ կողմերը կա՛մ պայմանավորվում են՝ երբ և որտեղ են ստորագրում, կա՛մ չեն պայմանավորվում։ Ներկա դրությամբ՝ իրավիճակն այն է, որ ստորագրման ժամկետի և վայրի մասին կողմերի միջև պայմանավորվածություն դեռ չկա։