7 գործոն, որոնցով պայմանավորվեց 2025 թվականը — Հայաստանի Հանրային Ռադիո

Թրամփը՝ 45-րդ և 47-րդ նախագահ

2025 թվականի հունվարին տեղի ունեցավ իրադարձություն, որը չէր կարող չազդել ամբողջ տարվա գրեթե բոլոր քաղաքական, տնտեսական և սոցիալական զարգացումների վրա՝ այն պարզ պատճառով, որ Ամերիկան այս աշխարհում ավելին է, քան մեկ առանձին երկիր և նույնիսկ մեկ առանձին գերտերություն:

Հենց այդ առանձնահատկության բերումով էլ Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունն ակամա վճռորոշ դեր է խաղում և փոխում է տասնյակ պետությունների ճակատագրերը: Հունվարի 20-ին Ամերիկայի ղեկավարումը ստանձնել է Դոնալդ Թրամփը: Ի դեպ, նա ոչ թե վերընտրվել, այլ մեկ ժամկետ բաց թողնելով, վերադարձել է Սպիտակ տուն: Այդպիսով, նա Ամերիկայի 45-րդ և 47-րդ նախագահն է:

2026-ի հուլիսի 4-ին Ամերիկան կդառնա 250 տարեկան, այս պատմական ժամանակաշրջանում Թրամփը դարձել է երկրորդ պետական լիդերը, որը Սպիտակ տուն է վերադարձել ընդմիջումից հետո: Առաջինը Գրովեր Քլիվլենդն էր՝ ԱՄՆ 22-րդ նախագահը, որը պաշտոնավարել է 1885-1889 թվականներին, ապա՝ որպես 24-րդ նախագահ՝ 1893-97 թվականներին:

Ակնհայտ էր, որ Թրամփը վերադառնում է յուրօրինակ «քաղաքական վրեժխնդրության» նպատակով և երկրի ներսում ու դրսում նրա հետագա քայլերը դրա մասին են վկայել: Նա նույնիսկ 2025-ի հունվարի 20-ի երդմնակալության օրը չի շրջանցել 2020-ի պարտության թեման:

«Ես ստացա մոտ 9 միլիոնով ավելի քվե, քան որևէ մեկը երբևէ ստացել է։ Եվ նրանք ասացին, թե ես պարտվել եմ։ Եվ հարցրի Մելանիային՝ ի՞նչ ես կարծում։ Եվ նա ասաց՝ դու էլի՞ ես ուզում դա անել»,- ասել է Թրամփը։

Միացյալ Նահանգների նախագահն արտաքին ասպարեզում ունի չափազանց մեծ լիազորություններ, Թրամփի ընտրությունը հստակ ուղերձ էր աշխարհին առ այն, որ 2025-ին շատ բան կփոխվի:

Հռոմի առաջին պապը Հյուսիսային Ամերիկայից

2026-ի առանցքային իրադարձություններից մեկը վերստին կապ ունի Ամերիկայի հետ: Ապրիլի 21-ին վախճանվել Է Հռոմի Ֆրանցիսկոս պապը:

«Վատիկանը հայտնեց, որ այս առավոտյան 7:35-ին Ֆրանցիսկոս պապը մահացել է, նա պատմության ընթացքում առաջին պապն էր Հարավային Ամերիկայից»,- հաղորդել է Associated Press-ի թղթակից Նիկոլ Վինֆիլդը:

Կաթոլիկ քահանայապետի ընտրությունը բարդ փուլային գործընթաց է: Կոնկլավը՝ կարդինալների ժողովը մեկուսանում է ամբողջ աշխարհից և փակ գաղտնի ընտրություն է անցկացնում:

Քվեաթերթիկները հաշվարկից հետո այրում են, և եթե Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սև ծուխ է բարձրանում, ուրեմն պապ չի ընտրվել: Մայիսի 8-ի ժողովն արդյունավետ էր՝ 133 կարդինալները նոր պապ են ընտրել, երեք անգամ սև ծուխ է բարձրացել, չորրորդը՝ սպիտակ էր: «Հաբեմուս պապամ»՝ «Պապ ունենք»: Այդ բաղձալի լուրը Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր հավատացյալներին հայտնել է կարդինալ Դոմինիկ Մամբերտին:

«Ես ձեզ մեծ ուրախություն եմ փոխանցում. մենք ունենք Հռոմի պապ, ամենապատվելի Տեր, Ռոբերտ Ֆրանցիսկոս Սուրբ Հռոմեական եկեղեցու կարդինալ Պրևոստ, որն ընդունել է Լևոն 14-րդ անունը»,- Վատիկանի պատշգամբից հայտարարել է Սամբերտին։

Եթե երջանկահիշատակ Ֆրանցիսկոսն առաջին պապն էր Հարավային Ամերիկայից, ապա Լևոն 14-րդն առաջին պապն է Հյուսիսային Ամերիկայից: Հռոմի 268-րդ պապը՝ 69-ամյա Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը, ծնվել է Չիկագոյի հարավային թաղամասում, ուսանել է Հռոմում, երկու տասնամյակ աշխատել է Պերուում, 2023-ին Ֆրանցիսկոս պապի կարգադրությամբ վերադարձել է Հռոմ:

Առաջին արտասահմանյան այցով Լևոն 14-րդը մեկնել է Թուրքիա և Լիբանան: Ստամբուլում նա այցելել է Հայ առաքելական եկեղեցու Մայր տաճար, որտեղ հանդիպել է Պոլսո պատրիարք Սահակ Երկրորդի հետ:

Հռոմի պապը մեծագույն հարգանքով և ջերմությամբ խոսել է 12-րդ դարի հայ հոգևոր առաջնորդ և բանաստեղծ Ներսես Շնորհալու մասին:

«Թող սուրբ Ներսեսի օրինակը ոգեշնչի բոլորիս, և նրա աղոթքը զորավիգ լինի լիարժեք հաղորդակցվելու ճանապարհին»,- ասել է Սրբազան քահանայապետը:

Ամերիկան և Իսրայելը հարվածեցին Իրանին

12 օր, որ ցնցեցին աշխարհը և մեր տարածաշրջանը: Սա մեր այս թողարկման երրորդ թեման Է: 2025-ի թվականի հունիսին Իսրայելը հարվածներ Է հասցրել Իրանի ռազմական թիրախներին, Իրանը պատասխանել Է անօդաչուներով և հրթիռներով, և հունիսի 22-ին Միացյալ Նահանգները ռմբահարել ու հրթիռակոծել է Իրանի երեք միջուկային կենտրոններին: Ժամեր անց նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է հայրենակիցներին և միջազգային համայնքին:

«Մեր նպատակն էր ոչնչացնել Իրանի միջուկային հարստացման կարողությունը, վերջ տալ միջուկային վտանգին, որը բխում է աշխարհի ահաբեկիչների թիվ մեկ պաշտպան պետությունից: Այսօր ես կարող եմ աշխարհին զեկուցել, որ հարվածները տպավորիչ և ապշեցուցիչ ռազմական հաջողություն էին: Իրանի միջուկային հարստացման առանցքային կենտրոններն ամբողջությամբ ոչնչացվել են, Մերձավոր Արևելքի կռվարար Իրանը հիմա պարտավոր է գնալ խաղաղության, եթե դա չանի, հետագա գրոհները կլինեն շատ ավելի հուժկու և շատ ավելի դյուրին»,- ասել է Թրամփը:

12 օր տևած օդային գրոհներից հետո կողմերը դադարեցրել են ռազմական գործողությունները: Այս կոնֆլիկտը տարիներ շարունակ է հասունացել, և մի օր պետք է պայթեր: Իսրայելը մշտապես պնդել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է միջուկային ռումբ ստեղծել:

Իսրայելի գոյությունը մերժող և այն չարիք որակող Իրանն, իր հերթին, մշտապես պնդել է, որ ատոմային ռումբ չի ստեղծում, սակայն ունի միջուկային հետազոտություններ անցկացնելու իրավունք:

Ուշագրավ է, որ ինքն Իսրայելը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է, որ միջուկային զենք ունի:

Թրամփի և Պուտինի հանդիպումն Ալյասկաայում

Կարևորության առումով 2025-ի իրադարձություններից Էր Ալյասկայում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որը նաև խորհրդանշական Էր՝ Պուտինը դարձավ Ռուսաստանի առաջին ղեկավարը, որն այցելեց Ալյասկա այն բանից հետո, երբ Ռուսաց կայսրությունն այդ հսկայական երկրամասը 1867 թվականին վաճառել Է Ամերիկային:

Կողմերը 2025 թվականի օգոստոսի 16-ին Ալյասկայում չեն հասել ինչ-ինչ բախտորոշ համաձայնությունների, բայց պայմանավորվել են երկխոսել և հրաժարվել առճակատման քաղաքականությունից, որը սկսվել է անցած տասնամյակում և առավել սրվել է 2022-ի փետրվարին Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո:

Հանդիպումը խիստ կարևոր էր հատկապես Ուկրաինայի խնդրի համատեքստում:

Գազայում հրադադար Է, բայց ոչ խաղաղություն

2025 թվականի հոկտեմբերի 13-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը՝ Եգիպտոսի, Քաթարի, Թուրքիայի և ԱՄՆ-ի աջակցությամբ, Շարմ էլ Շեյխում հրադադարի պայմանագիր են կնքել: Պատմական նիստը նախագահել են Միացյալ Նահանգները և Եգիպտոսը:

Այս փաստաթուղթը ենթադրում է Գազայի խնդրի եռափուլ լուծում. առաջին՝ անհապաղ հրադադար, երկրորդ՝ ՀԱՄԱՍ-ի ապառազմականացում և Գազայում խաղաղապահների տեղակայում, երրորդ՝ Գազայում Պաղեստինի վարչակազմի վերականգնում ու Գազայի վերակառուցում:

«Կարևորագույն առաջընթաց է, որը մենք այսօր այստեղ ենք նշելու, ավելին է, քան պարզապես Գազայի պատերազմի ավարտը։ Աստծո կամոք այն կլինի նոր սկիզբ հրաշալի Մերձավոր Արևելքի համար»,- ասել է Թրամփը։

Պաղեստինցիները բնավ չեն ցանկանում հեռանալ իրենց դժբախտ հայրենիքից:

«Այս ավազը, այս հողը, սա մեր ավազն է, մեր հողն է, մենք չենք լքի այն: Մենք այստեղ կմնանք: Սա Գազան է և մերը կլինի մինչև մեր մահը, հավիտյան»,- Associated Press ասել է պաղեստինուհի Էթեդալ Լոֆթին:

Բայց հարատև խաղաղություն դեռ չկա, ՀԱՄԱՍ-ը ձգձգում է զինափավելու գործընթացը, ամեն շաբաթ տեղի են ունենում ընդհարումներ: 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում սպանվել է ավելի քան 71 հազար պաղեստինցի, սպանված իսրայելցիների թիվը մոտ 1200 է:

Թրամփը Զելենսկուն կոչ է անում լեզու գտնել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահի ընտրությունը լրջագույն ազդեցություն Է գործել ռուս-ուկրաինական բանակցությունների վրա: Գաղտնիք չէ, որ Կիևում հույսը Բայդենի հետ են կապել, քանի որ դեմոկրատական նախագահն Է առաջնորդել ամբողջ Արևմուտքն Ուկրաինային սատարելու գործում:

Մինչդեռ, Թրամփը հստակ ասել է, որ հաղթանակի պարագայում վերջ կտա Ուկրաինային միլիարդավոր դոլարներ և գերարդիական զենք տրամադրելու գործելակերպին և դրա փոխարեն կառաջարկի համեստ հասցեական օգնություն, պայմանով, որ Զելենսկին լեզու գտնի Պուտինի հետ և ըմբռնի այն դառը ճշմարտությունը, որ ուկրաինացիները՝ որքան էլ խիզախ են և հայրենասեր, ի զորու չեն հաղթել ռեսուրսներով ավելի հարուստ ռուսներին:

Թրամփը նաև կշտամբել է Զելենսկուն, ասելով, թե Ուկրաինայի ղեկավարի համառությունը կարող է Երրորդ աշխարհամարտի պատճառ դառնալ:

Բայց ռուսներն էլ մի բարվոք վիճակում չեն: Ըստ փորձագետների, Ուկրաինայում սպանվել կամ ծանր վիրավորում է ստացել ու բանակ չի վերադառնա 405 հազարից 564 հազար ռուսաստանցի զինվոր:

Անուն-ազգանունով և հուղարկավորության ստույգ վայրով հայտնի սպանվածների թիվը գերազանցել է 155 հազարը, ենթադրվում է, որ իրական թիվն առնվազն երկու անգամ մեծ է:

Ուկրաինացիներն իրենց կորուստների վիճակագրությունը չեն հաղորդում, բայց կարելի է ենթադրել, որ այն նույնքան սարսափելի է:

Թրամփը պնդել է, որ եթե ինքը վերընտրվեր՝ ռուսները չէին համարձակվի հարձակվել Ուկրաինայի վրա:

Թրամփը նաև կոչ է արել Վլադիմիր Զելենսկուն հաշվի առնել գետնի վրա ստեղծված իրավիճակը և ընդունել, որ պետք է փոխզիջման գնալ Վլադիմիր Պուտինի հետ ու ավարտել դաժան պատերազմը:

Այդուհանդերձ Մոսկվան ներկայացնում է այնպիսի պահանջներ, որոնց ընդունումը հավասարազոր կլինի Ուկրաինայի կապիտուլյացիային:

Արհեստական բանականություն` թշնամի՞, թե՞ բարեկամ

Յոթերորդ երևույթը, որին որոշել ենք անդրադառնալ այս ծրագրում՝ հետզհետե ավելի մեծ տեղ է գրավում բոլորիս կյանքում: Երևի չկա բնագավառ, որտեղ չի կիրառում դրա հմտությունները:

Երևույթն այնքան կարևոր է, որ Time ամերիկյան հանդեսը 2025-ին Տարվա մարդ է ճանաչել դրա ստեղծողներին: Խոսքն արհեստական բանականության մասին է:

Ի դեպ, դեռ 2017-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ԱԲ-ի հզորության մասին:

«Ով մենաշնորհ կհաստատի արհեստական բանականության ասպարեզում, նա էլ կդառնա աշխարհի տիրակալը»,- ասել է Պուտինը:

Միացյալ Նահանգները և Չինաստանը կատաղի պայքար են մղում ԱԲ զարգացման ոլորտում առաջատարը դառնալու համար, այդ ուղղությամբ գերլարված աշխատում են նաև Ռուսաստանը և այլ երկրներ:

Արհեստական բանականությունը ոչ միայն առօրյա ձանձրալի հանձնարարություններ է կատարում, այլև շախմատ է խաղում ու հաղթում է մարդուն, դիպլոմային աշխատանք է գրում, նույնիսկ սցենարներ ու երգեր է հեղինակում:

Դժվար է ասել՝ դա լա՞վ է, թե՞ վատ: Բրիտանացի դերասան Դեյվիդ Թևիլսը վտանգ է տեսնում:

«Ես ամեն օր եմ մտածում դրա մասին և ոչ միայն իմ՝ դերասանական համքարության տեսակետից: Ես կարծում եմ, որ դա (արհեստական բանականությունը) սպառնում է մարդու ստեղծագործականությանը, դա գարշելի է, ես շատ ընկճված եմ դրանից»,- ասել է դերասանը։

Ըստ մի հին առակի՝ չորս իմաստուններ հավաքվել են, որ նոր կյանք ստեղծեն, առաջինը փայտերից դրա ոսկորներ է սարքել, երկրորդը կավից ստեղծել է դրա մկանները, երրորդը փետուրներից դրա մաշկն է սարքել, չորրորդն էլ դրան շունչ է հաղորդել, որ կենդանանա, բայց ստացվել է մի սարսափելի վագր, որը խժռել է չորս իմաստուններին:

Կխուսափե՞ն մարդիկ այդօրինակ վտանգից: Մեկ բան հստակ է՝ մարդը չի կարող զսպել առաջընթացը, եթե մի գյուտ հնարավոր է ստեղծել՝ այն անպայման կստեղծվի, ուստի, հուսանք, որ այն բարի մարդու ձեռքում կհայտնվի:

Շանսեր կան, հավատանք, որ 2026-ը հաջող տարի կլինի, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Leave a Comment