Սթարմերը չի պատասխանել՝ ինչով է տարբերվում Ուկրաինայի հակամարտությունը Վենեսուելայի վրա ԱՄՆ հարձակումից


Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը չի կարողացել պատասխանել այն հարցին, թե ինչով է տարբերվում Ուկրաինայում տիրող իրավիճակը ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի վրա հարձակումից: Նրան այս մասին հարցրել են BBC-ի «Կիրակի օրը Լաուրա Կուենսբերգի հետ» հաղորդման ժամանակ:

Լրագրող Կուենսբերգը Սթարմերի հետ հարցազրույցում նշել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը բազմիցս մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինայի վրա անարդարացիորեն հարձակվելու համար, և հարցրել է նրան ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի վրա հարձակման վերաբերյալ իր դիրքորոշման մասին:

Սթարմերը շեղվել է հարցից՝ ասելով, որ «իրավիճակն այժմ արագ փոխվում է», և «մենք դեռ շատ բան չգիտենք»: Նա նաև ընդգծել է, որ ինքը կողմ է միջազգային իրավունքին և ցանկանում է պարզաբանել բոլոր մանրամասները՝ նախքան որևէ հայտարարություն անելը:

«Ես նախ ուզում եմ բոլոր փաստերը, բայց այս պահին մենք ամբողջական պատկերը չունենք: Մեծ Բրիտանիան չի մասնակցել գործողությանը: Ես պետք է խոսեմ նախագահ Թրամփի և մեր դաշնակիցների հետ: Ես ոչնչից չեմ խուսափում: Ես իմ կյանքն անցկացրել եմ միջազգային իրավունքի պաշտպանության վրա, բայց ուզում եմ իմանալ, որ ունեմ բոլոր փաստերը: Մենք հիմա դրանք չունենք: Նախ մենք պետք է պարզենք փաստերը, ապա որոշենք հետևանքները»,- նշել է նա։

ԱՄՆ-ի հարձակումից հետո Սթարմերը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան չի մասնակցել գործողությանը, և նշել, որ ցանկանում է ամեն ինչ քննարկել Թրամփի և նրա դաշնակիցների հետ, մինչդեռ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Սթարմերին կոչ են արել դատապարտել ԱՄՆ-ի հարձակումը Վենեսուելայի վրա։

2026 թվականի հունվարի 3-ին ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Վենեսուելային և գերի վերցրել նախագահ Նիկոլաս Մադուրոյին։ Հունվարի 5-ին սկսվել է նրա դատավարությունը՝ թմրանյութերի կարտել ղեկավարելու և այլ հանցագործությունների համար։

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարն է փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը։ ԱՄՆ-ն նախկինում հայտարարել էր Վենեսուելան ինքնուրույն կառավարելու մտադրության մասին։

Ավելի վաղ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդն էլ հայտարարել էր Թրամփին Նոբելյան մրցանակ շնորհելու իր պատրաստակամության մասին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

150 դիտում

Leave a Comment