Անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը հնարավորություն ունի վերադառնալու հարազատ ակումբ՝ «Մանչեսթեր Յունայթեդ», եթե «Բարսելոնան» հրաժարվի նրա ամբողջական տրանսֆերը գնելուց։
Mirror պարբերականի հաղորդմամբ՝ «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պաշտոնից Ռուբեն Ամորիմի հեռացումը կարող է նոր դռներ բացել Ռեշֆորդի համար «Օլդ Թրաֆորդում»:
Եթե «Բարսելոնան» որոշում կայացնի չգնել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները, որի արժեքը գնահատվում է մոտ 30 միլիոն եվրո, ապա մանկունյացիների ղեկավարությունը, ամենայն հավանականությամբ, կնախընտրի թիմում պահել Ռեշֆորդին, այլ ոչ թե կրկին վաճառքի հանել նրան։
Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է, իսկ նրա գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
2025 թվականի ամռանից հարձակվողը վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Բարսելոնայում»: Ընթացիկ մրցաշրջանում անգլիացին «կապտանռնագույնների» կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։