Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը «անհարգալից» է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր հայտարարությունները կղզու վերաբերյալ, իսկ Դանիայի կառավարության ղեկավար Մետտե Ֆրեդերիկսենը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել սպառնալիքները։
«Բացարձակ անիմաստ է խոսել Գրենլանդիան Միացյալ Նահանգների կողմից գրավելու անհրաժեշտության մասին։ ԱՄՆ-ը որևէ իրավունք չունի անեքսիայի ենթարկել Դանիական թագավորության կազմի մեջ մտնող երեք երկրներից որևէ մեկը (Դանիա, Գրենլանդիա, Ֆարերյան կղզիներ – խմբ.)», – Reuters գործակալությունը մեջբերում է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հայտարարությունը։ Այդ կապակցությամբ նա կոչ է արել ԱՄՆ-ին «դադարեցնել սպառնալիքները պատմականորեն մոտ դաշնակցի, ինչպես նաև այլ երկրի և այլ ժողովրդի հասցեին»։ Ֆրեդերիկսենը հիշեցրել է, որ Վաշինգտոնն արդեն ստացել է Գրենլանդիայի պատասխանը․ կղզին վաճառքի ենթակա չէ։
Նմանատիպ դիրքորոշում է հայտնել նաև Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը։ «Երբ Միացյալ Նահանգների նախագահն ասում է, որ «մեզ Գրենլանդիան է պետք» և կապում է մեզ Վենեսուելայի ու ռազմական միջամտության հետ, դա պարզապես սխալ չէ, դա անհարգալից է», – Reuters-ը մեջբերում է Նիլսենի խոսքերը։
Թրամփի խոսքով Գրենլանդիան Չինաստանի և Ռուսաստանի նավերով է «շրջապատված»
Ֆրեդերիկսենի և Նիլսենի հայտարարությունները արձագանք էին Թրամփի խոսքին, որը նա հնչեցրել էր The Atlantic պարբերականի լրագրող Մայքլ Շերերի հետ զրույցում։
Լրագրողը ԱՄՆ նախագահին հարցեր էր ուղղում Վենեսուելայում իրականացված ռազմական գործողության և այնտեղի ղեկավար Նիկոլաս Մադուրոյի ձերբակալման վերաբերյալ։ Այդ համատեքստում Թրամփը նշել էր, որ Վենեսուելան կարող է չլինել ԱՄՆ միջամտության վերջին երկիրը։
«Մեզ բացարձակապես անհրաժեշտ է Գրենլանդիան», – ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ հավելելով, որ կղզին «շրջապատված է ռուսական և չինական նավերով»։ Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ «ուրիշները պետք է որոշեն, թե Վենեսուելայում ԱՄՆ ռազմական գործողությունները ինչ են նշանակում Գրենլանդիայի համար»։ Մայքլ Շերերի խոսքով՝ այստեղ Թրամփը նկատի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, որը մեկ օր առաջ կոչ էր արել «ուշադրություն դարձնել» Գրենլանդիայի իրավիճակին Վենեսուելայի գործողությունների ֆոնին և նշել էր, որ Թրամփը «լուծում է այն խնդիրները, որոնց մասին խոսում է»։
«Երեկ Մարկոն շատ բարեհաճ խոսեց իմ մասին, – ասել է Թրամփը։ – Գիտեք, այդ պահին ես նկատի չունեի Գրենլանդիան։ Բայց մեզ Գրենլանդիան իսկապես պետք է, անկասկած։ Այն մեզ պետք է պաշտպանության համար»։
Թրամփի խորհրդականի կինը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը ԱՄՆ դրոշի գույներով
Գրենլանդիայի վերաբերյալ Թրամփի հավակնությունների մասին հիշեցրել է ոչ միայն Մարկո Ռուբիոն։ Հունվարի 4-ին Թրամփի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերի կինը՝ Քեթի Միլլերը, X սոցիալական ցանցում հրապարակել է գրառում, որտեղ ցուցադրված էր կղզու քարտեզը՝ ԱՄՆ դրոշի գույներով։ Պատկերի մակագրությունը եղել է՝ «Շուտով»։
Այս քայլը աննկատ չի մնացել Կոպենհագենում։ «Իմ երկիրը պահանջում է Դանիայի տարածքային ամբողջականության անվերապահ հարգում», – մեկնաբանել է գրառումը ԱՄՆ-ում Դանիայի դեսպան Յեսպեր Մյոլլեր Սյորենսենը։ Նրա խոսքով՝ Դանիան և ԱՄՆ-ը «մոտ դաշնակիցներ են և պետք է շարունակեն համատեղ աշխատանքը հենց այդ կերպ»։
Գրենլանդիան Դանիայի կազմում գտնվող ինքնավար տարածք է, որը գտնվում է Արկտիկայում։ Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի սկզբից նա բազմիցս ընդգծել է, որ ազգային անվտանգության «նկատառումներից ելնելով» մտադիր է Գրենլանդիան միացնել ԱՄՆ-ին։ 2025 թվականի վերջում Սպիտակ տունը նշանակել է հատուկ բանագնաց Գրենլանդիայի հարցերով, որը խոստացել է աշխատել կղզին ԱՄՆ-ի մաս դարձնելու ուղղությամբ։ Դանիայում և հենց Գրենլանդիայում այս որոշումը ընդունվել է բացասական արձագանքով։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: