6 հունվարի 2026 – 13:37 AMT
PanARMENIAN.Net – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ ծննդյան պատարագ է մատուցվում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի գլխավորությամբ։
Պատարագին ներկա են եղել նաև մի շարք նախկին պաշտոնյաներ ու ընդդիմադիր գործիչներ, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը կնոջ հետ, ինչպես նաև նույն խմբակցությունից Արթուր Խաչատրյանը, ԱԺ-ի նախկին պատգամավոր Արմեն Չարչյանը, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը և այլոք, հայտնում է Sputnik Արմենիան:
Իշխանության ներկայացուցիչները վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այս տարվա Սուրբ Ծննդյան պատարագին մասնակցել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։
Պատարագը մատուցվել է եկեղեցու հոգևոր տեսուչ, կաթողիկոսի հեռացման արշավին միացած եպիսկոպոսներից Անուշավան Ժամկոչյանի գլխավորությամբ։
Ներկա են եղել նաև նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և այլոք:
Եկեղեցու տարածքում նկատվել է պետական պահպանության ծառայության բազմաթիվ աշխատակիցների ներկայություն։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ պատարագից հետո՝ ժամը 13:00-ին, նախատեսվում է ուխտերթ դեպի Երևանի Սուրբ Աննա եկեղեցի։
Վաղ առավոտից Սուրբ Աննա Կաթողիկե եկեղեցու հարակից Աբովյան և Սայաթ-Նովա փողոցներում մեծաթիվ ոստիկաններ են կուտակված:
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի աշխատակիցները հատուկ տեխնիկայով մաքրել են ինչպես եկեղեցու բակն, այնպես էլ շրջակա տարածքները, հայտնում է Panorama.am-ը
Հայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին է տոնում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդն ու Աստվածահայտնության տոնը։ Տոնն ընդգծում է այն մեծագույն պահը, երբ Աստված հայտնվել է մարդկությանը՝ Քրիստոսի մարմնավորությամբ։
Հունվարի 6-ի առավոտյան բոլոր եկեղեցիներում մատուցվել է Սուրբ Պատարագ, որից հետո իրականացվել է Ջրօրհնեքի արարողությունը։ Ըստ եկեղեցական ավանդության՝ խաչի ջուրը իջեցումը խորհրդանշում է Հիսուսի մուտքը Հորդանան գետ։ Պատարագի ավարտին ջուրը օրհնվել է խաչով ու մյուռոնով, իսկ հավատավոր մարդիկ ջրից տարել են իրենց բնակարան՝ որպես օրհնության աղբյուր և բժշկության միջոց։
Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնի կապակցությամբ հավատացյալները իրար ավետիս են փոխանցում՝ ասելով. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ», որին պատասխանում են. «Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միանալ ՀԱԵ բարեփոխմանը: Փաշինյանն ընթերցել է հայտարարությունը ֆեյսբուքյան եթերում, որից հետո հայտարարությանը միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները ստորագրել են այն:
Փաշինյանը հայտնել է, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որի վրա դրված են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպման պարտականությունները։ Այդ խորհուրդը կարող է համալրվել միայն միաձայն որոշմամբ։