6 հունվարի 2026 – 12:37 AMT
PanARMENIAN.Net – Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է, որ 2025 թվականին քաղաքականապես ավարտվել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը:
Անդրադառնալով տրանսպորտային ուղիների հարցին՝ նա ասել է, թե Հայաստանը երկաթուղային ելք կստանա դեպի Իրան և ՌԴ, հայտնում է Report.az-ը:
«Հայաստանը կարող է դուրս գալ և դուրս կգա ներկայիս փակուղային իրավիճակից։ Կբացվեն ճանապարհներն Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Կբացվեն ճանապարհներ Թուրքիայի և Հայաստանի միջև։ Հայաստանը երկաթուղային ելք կստանա դեպի Իրանի երկաթուղի՝ Նախիջևանի տարածքով, և Ռուսաստանի երկաթուղիներ՝ Ադրբեջանի միջոցով։ Այսինքն՝ սա շահավետ է նաև Հայաստանի համար։ Այստեղ չպետք է լինեն պարտված կողմեր։ Ամեն դեպքում՝ տնտեսական և տրանսպորտային տեսանկյունից պարտվողներ չեն լինի։ Եթե ինչ-որ մեկը իրեն համարում է պարտված քաղաքական տեսանկյունից, ապա, ինչպես ասում են, դա նրա խնդիրն է։ Բայց եթե յուրաքանչյուրն այս հարցին նայի պրագմատիզմի տեսանկյունից, կկարողանա դրա մեջ օգուտ տեսնել»,-ասել է Ալիևը:
Նա հավելել է, որ մեծածավալ շինաշխատանքներ են մեկնարկելու Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։ շ
«Մենք այս տարածաշրջանը կմիավորենք։ Ուզում եմ կրկնել՝ մենք միևնույնն է դա կանեինք, սակայն լավ է, որ դա տեղի է ունենում խաղաղ ճանապարհով»,-ասել է նա:
Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ դեպի Ադրբեջան և Թուրքիա երկաթուղու մի քանի հատվածների շտապ վերականգնման համար դիմել է Ռուսաստանին։ Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում նա հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ արծարծվել են նաև այդ հարցերը։ ՀՀ երկաթուղիների կառավարիչը 2008 թվականից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն է` «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունը: