Սուրբ Ծննդյան և Ջրօրհնեքի տոնի խորհուրդն ու ավանդույթները. «Հայագիտակ»

«Քրիստոս ծնավ և հայտնեցավ, ձեզ և մեզ մեծ ավետիս»․ Սուրբ Ծննդյան տոնը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից առաջինն է և ամեն տարի անփոփոխ նշվում է հունվարի 6-ին։ Քանի որ ըստ եկեղեցական կարգի՝ նոր օրը սկսվում է երեկոյան ժամը 17:00-ից, տոնակատարությունը ևս սկսվում է հունվարի 5-ի երեկոյան։ Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որից հետո պաս պահող հավատացյալները խոստովանություն են անում և լուծարում պահքը։

Եկեղեցում վառվող մոմերից մարդիկ օրհնված կրակ են տանում իրենց տները, ինչը խորհրդանշում է Բեթղեհեմյան աստղի լույսը։

Հունվարի 6-ին մատուցվում է տոնական Սուրբ Պատարագ, որին հաջորդում է Ջրօրհնեքի կարգը։ Այս արարողությունը խորհրդանշում է Հորդանան գետում Հովհաննես Մկրտչի ձեռամբ Հիսուս Քրիստոսի մկրտությունը։

Քահանան օրհնում է ջուրը Սուրբ մյուռոնով, որը հավատացյալները տանում են իրենց տները: Ըստ ավանդության՝ այդ ջուրն ունի բուժիչ և մաքրագործող հատկություն։ 

Leave a Comment