Բագրատ և Արշակ սրբազաններն ուղերձ են հղել ՔԿՀ-ից․ 2025-ը հալածանքների տարի էր

Բագրատ և Արշակ սրբազաններն ուղերձ են հղել ՔԿՀ-ից․ 2025-ը հալածանքների տարի էր

5 հունվարի 2026 – 14:15 AMT

PanARMENIAN.Net – «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից հանդես են եկել ուղերձով՝ նշելով, որ 2025-ը հալածանքների տարի էր:

«Մուտք գործեցինք 2026 թվական և հայացքներս լույսով ու սրտներս հույսով, ապրումներս հավատքով և զգացումներս սիրով նշում ենք Սուրբ ծննդյան և Աստվածհայտնության մեծ խորհուրդը: Մեր ազատությունից բանտարգելության մեջ գտնվող մեր սիրելի և համբուրելի ժողովրդին մեր սերը, ուժը, եռանդը, վերականգնումի կամքի և հաղթանակի իրականացման բարեմաղթանքներս ենք հղում։ Աղոթում ենք, որ Աստվածորդու ծննդյան հրաշքով նոր կյանքի և հոգևոր Հայաստանի տեսիլքը հաղթանակի 2026 թվականին»,- գրել են սրբազանները, հայտնում է Sputnik Արմենիան:

Ուղերձում նրանք մաղթել են, որ չարիքը՝ իր բոլոր դրսևորումներով, հեռանա հայ ժողովրդի կյանքից, իսկ փոխարենը հաստատվեն ճշմարտություն, արդարություն, ազատություն, հավատարմություն, արիություն և սեր։

«Ամբողջ 2025 թվականը եղավ հալածանքների և փորձությունների մի ժամանակահատված, որի գնահատականը պատմությունն ու սերունդները դեռևս կտան, սակայն մեզ համար այն դարձավ է՛լ ավելի հաստատվելու, զորանալու և հաստատակամ դառնալու կյանքի հանգրվան կարևոր իմաստով։ Այն օծված է մեր Տիրոջ պատգամով. «Երանի նրանց, ովքեր հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը… ուրախացեք և ցնծացեք…» (Մատթ. 5: 11-12): Եվ նրանք, ովքեր հույսը Տիրոջ վրա են դրել «պիտի ստանան երկիրը և ժառանգեն սուրբ լեռը» (Ես. 57:19)»,- նշել են սրբազանները:

Նրանք կոչ են արել, որ 2026 թվականը դառնա համախմբման տարի՝ մեկ նպատակի շուրջ, մեկ հայացքով, մեկ պայքարով և մեկ տեսիլքով՝ արդարության, ճշմարտության ու ազգային արժանապատվության հաղթանակի համար։

Բարձրաստիճան հոգևորականներն իրենց ուղերձում նաև փոխանցել են Սուրբ գրքից ընտրված խոսքեր. «հույսի Աստված լցնի ամբողջական ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի Սուրբ Հոգու զորությամբ առատանանք» (Հռոմ. 15: 13), «ուստի դեն նետենք խավարի գործերը և հագնենք լույսի զենքերը» (Հռոմ. 13: 12)… Սրբազանները շեշտել են, որ շարժվում են դեպի ազատագրում և հաղթանակ՝ այն ամենի համար, ինչը Աստծունն է և բարի։

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը գտնվում են կալանքի տակ։

Վարչապետ Փաշինյանի և կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսների համատեղ հայտարարությամբ, հայտարարվել է Հայ Առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկը, հրապարակվել է այսպես կոչված «ճանապարհային քարտեզ», որով ձևավորվել է համակարգող խորհուրդ՝ եկեղեցու վերափոխման գործընթացն իրականացնելու նպատակով։

Leave a Comment