ԱԱԾ-ն հոգևորականների մասին տեղեկությունները պետական գաղտնիք է համարվում. Եզրաս սրբազանի մասին հրապարակված թղթի հետքերով

« Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից հիմնադրված «Civic.am» կայքը դեկտեմբերի 19-ին մի փաստաթուղթ էր հրապարակել, որը, ըստ կայքի, վկայում էր, թե իբրև Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, Գարեգին Բ Ամենյան հայոց կաթողիկոսի եղբայր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ է եղել: 

Ըստ հրապարակման՝ այդ փաստաթուղթը ՔՊ-ի կայքին տրամադրել է ԱԱԾ-ն՝ գրավոր հարցմանն ի պատասխան: «News.5tv.am»-ը նույնպես գրավոր հարցում է ուղարկել ԱԱԾ՝ առաջին կետով խնդրելով տրամադրել ՀԱԵ բոլոր այն հոգևորականների անվանացանկը, ովքեր համագործակցել են ՊԱԿ-ի հետ, սակայն ԱԱԾ-ից պատասխանել են, թե պետական գաղտնիք է.

«Ազգային անվտանգության մարմինների գործունեության և դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկությունները ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի համաձայն պետական գաղտնիքի շարքին, ունեն գաղտնիության համապատասխան դրոշմագրեր և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով՝ չեն կարող տրամադրվել»,- ասված է ԱԱԾ-ի պատասխանում: Փաստորեն ստացվում է, որ Եզրաս սրբազանին առնչվող ենթադրյալ տեղեկությունները պետական գաղտնիք չեն, իսկ մյուսներինհը՝ գաղտնիք է: 

Նախքան «Civic.am»-ին այդ ենթադրյալ փաստաթուղթը տրամադրելը ԱԱԾ-ին նույնաբովանդակ հարցում էր ուղարկել «Սիվիլնեթ» լրատվական կայքը, սակայն ԱԱԾ-ից մերժում էին ստացել և Եզրաս սրբազանին առնչվող տեղեկությունները չէին տրամադրել, իսկ իշխող կուսակցության լրատվամիջոցի պարագայում տեղեկությունները գաղտնազերծել ու տրամադրել են: Գրավոր հարցմամբ ԱԱԾ-ից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է ստացվել, որ ԱԱԾ-ն մերժել է «Սիվիլնեթ» լրատվականի հարցումը, սակայն բավարարել է Civic.am-ի նույնաբովանդակ հարցմանը: ԱԱԾ-ից հետևյալ պատասխանն ենք ստացել, թե իբր «Սիվիլնեթի» հարցման պահին տեղեկությունները գաղտնազերծված չեն եղել.

«Հարցման 2-րդ կետի վերաբերյալ հայտնում ենք, որ տեղեկատվությունը Civic.am» կայքին տրամադրվել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն: 

«Սիվիլնեթ» լրատվականի հարցման պատասխանի տրամադրման պահին Մկրտիչ Գրիգորի Ներսիսյանի՝ ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ տվյալները գաղտնազերծված չեն եղել, հետևաբար չէին կարող տրամադրվել»,- պատասխանել են ԱԱԾ-ից՝ այդպես էլ չպարզաբանելով, թե ինչու և ինչ իրավական հիմքով են որոշել Եզրաս սրբազանին առնչվող տեղեկությունները գաղտնազերծել:

 

Leave a Comment