5 հունվարի 2026 – 14:27 AMT
PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տասը եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների համատեղ հայտարարությանը ի պատասխան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարել է, որ նրանց կողմից եկեղեցու «բարենորոգման նախաձեռնությունը Սահմանադրության խախտում է»:
«Եկեղեցու ներքին կյանքի կանոնակարգման և բարենորոգման պատրվակով Հայաստանի կառավարության ղեկավարի ձեռնարկած գործողությունները ուղղակի ոտնահարում են ՀՀ Սահմանադրությունը, խախտում թե՛ միջազգայնորեն, թե՛ Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված Եկեղեցու իրավունքները։
բ․ Նման հակաեկեղեցական գործընթացների մեջ եպիսկոպոսների ներգրավումը, քահանայից դասի նկատմամբ կիրառվող ճնշումները դատապարտելի են։ Եկեղեցու կյանքին առնչվող խնդիրների քննարկումները կատարվում են բացառապես եկեղեցական համապատասխան մարմիններում, կանոնական կարգավորումների համաձայն։ Տարակուսելի է, որ հիշյալ տաս եպիսկոպոսներն առ այսօր որևէ կերպ չեն արձագանքել Մայր Աթոռից իրենց ուղղված կոչերին ու հրավերներին, շարունակում են խուսափել իրենց հուզող հարցերի շուրջ Ամենայն Հայոց Հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի հետ հանդիպումներից ու քննարկումներից։
գ. Հարկ է ընդգծել, որ Եկեղեցու կանոնակարգային հարցերը և բարենորոգումը վերապահված չեն ինքնահռչակ խորհրդի, այլ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Նվիրապետությանը՝ իր բարձրագույն կառույցներով։
դ․ Նման անխոհեմ քայլերը կարող են հանգեցնել հերձվածի՝ ցավալի հետևանքներով»,-ասվում է հայտարարության մեջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միանալ ՀԱԵ բարեփոխմանը: Փաշինյանն ընթերցել է հայտարարությունը ֆեյսբուքյան եթերում, որից հետո հայտարարությանը միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները ստորագրել են այն:
Փաշինյանը հայտնել է, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որի վրա դրված են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպման պարտականությունները։ Այդ խորհուրդը կարող է համալրվել միայն միաձայն որոշմամբ։