Անցած տարվա վերջին օրը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայի դաստակերտում հյուրընկալել է Իսրայելի Վարչապետ Բենիամին Նաթանյահուին: Բանակցությունների մեկնարկին նա Նաթանյահուին անվանել է «պինդ տղա»:
Իսրայելական «Եդիոտ ահրոնոտի» քաղաքական մեկնաբանի ընկալմամբ՝ «դա շոյում է յուրաքանչյուր իսրայելցու, նրան հաճելի է, երբ իր վարչապետին գովում են, բայց ում գովում են, պիտի հասկանա, որ «պինդ տղա» ասվածը նաև հակառակ իմաստը կարող է ունենալ, բավական է, որ ընտանեկան ընթրիքի սեղանին Ջերադ Քուշներն ասի, որ «Նաթանյահուն խաղեր է տալիս», որպեսզի Իսրայելը Թրամփի աչքում վերածվի բանանային երկրի»:
Հունվարի 3-ին Դոնալդ Թրամփն ասել է, որ Մադուրոյի առևանգումը ծրագրված էր իրականացնել ավելի վաղ, խանգարել է եղանակը: Կարելի է, ըստ այդմ, արձանագրել, որ Իսրայելի վարչապետի հետ հանդիպումից առաջ նա արդեն Վենեսուելայի նախագահի ճակատագիրը տնօրինել էր:
Եվ, որքանով հասկացվում է վերը բերված դիտարկումից, Թրամփը Բիբիին այդ մասին չի տեղեկացրել, որովհետև Իսրայելը Միացյալ Նահանգների նախագահի կողմից չի դիտարկվում որպես «որոշում ընդունող պետություն»:
Մադուրոյի առևանգումը, հավանաբար, համաձայնեցված չէ նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ երկրների և Եվրամիության հետ: Իսրայելցի մեկնաբանը համոզված է, որ արդի աշխարհը «միմյանց միջև բաժանում են Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը», նա աշխարհի բոլոր պետություններին խորհուրդ է տալիս Վենեսուելայից «դասեր քաղել», քանի որ, ինչպես ինքն է ձևակերպում, Մադուրոյի պաշտոնազրկությունը «ոչ թե կարգ է հաստատում կամ բերում է ժողովրդավարություն, այլ ընդամենը հուշում է, որ նա պատժվել է խաղեր տալու համար»:
Կարելի է բարոյախրատական տեքստեր հեղինակել և հրապարակել, վկայակոչել ՄԱԿ-ի Կանոնադրությունը, Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի ընդունած տասնյակ, հարյուրավոր բանաձեւեր, բայց ժամանակակից աշխարհի իրողությունը սա է, միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը չեն գործում, դասական դիվանագիտությունը տեղը զիջել է բիզնես-գործարքներին:
Այս առումով խիստ ուշագրավ է Bloomberg-ին Թուրքիայի նախագահ Էրդողանի հարցազրույցը, որտեղ նա ԱՄՆ-ին ուղղակի կոչ է անում տարածաշրջանային քաղաքականություն մշակելիս անպայման հաշվի առնել, որ առանց իր երկրի ներգրավվածության ոչ մի նախագծում հնարավոր չէ կյանքի կոչել:
Հայաստանում ընդդիմությունը «ծեծված ազգի բարդույթը հաղթահարելու» կարգախոս է հռչակել: Հայ-ադրբեջանական գործընթացի հիմքում օգոստոսի 8-ի նախնական պայմանավորվածություններն ու ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան քաղաքական հռչակագիրն է:
Հայաստանյան ընդդիմությունն, ըստ էության, դրանք բնորոշում է «ազգային ծեծվածություն» և բարդույթի հաղթահարման միջոց է սահմանում Փաշինյանի «վերարտադրության կանխումը»:
Հայկական թևավոր խոսքն ասում է. «Ուղտի պարը կամրջին է բռնում»: Մինչդեռ Հայաստանից անհամեմատ ուժեղ Իսրայելում անհանգստանում են, որ Դոնալդ Թրամփի աչքում կարող են վերածվել «բանանային երկրի»:
Պետք է հասկանալ, որ Երուսաղեմում կասկածում են, որ ԱՄՆ նախագահը «նախապատվությունը տալիս է Թուրքիային»: Հայաստանում, իրոք, բարդույթներ հաղթահարելու անհրաժեշտություն կա, բայց դրա համար տևական ժամանակ և ահռելի ջանքեր կպահանջվեն: