Փաշինյանը եւ նրա գրպանում գտնվող եպիսկոպոսները երեկ մի տեքստ էին տարածել, որի հեղինակն, անշուշտ, վարչապետն է, եւ որի ամենացնցող դարձվածքն, իմ կարծիքով, հետեւյալն է՝ «դատապարտելով եւ անընդունելի համարելով Եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելու… գործելակերպը»: Այսինքն՝ նրանք դատապարտում են այն, ինչով զբաղված են:
Քանի որ իրավական (ինչպես նաեւ ցանկացած այլ) գրագիտության մակարդակն այդ իշխանության մոտ, մեղմ ասած, պատշաճ մակարդակի վրա չէ, ցանկանում եմ հիշեցնել, որ այն հայտարարությունը, որը ստորագրում է եւ այն գործընթացը, որը ղեկավարում է ՀՀ վարչապետը, չի կարող քաղաքական չլինել: Վարչապետը, ի տարբերություն թագավորի, կայսրի կամ սուլթանի, իր իշխանությունը ստացել է ոչ թե Աստծո կամքով, այլ տվյալ պետության մեջ կազմակերպված ընտրությունների, այսինքն՝ զուտ քաղաքական գործընթացի արդյունքում: Մեր պարագայում վարչապետը ներկայացնում է խորհրդարանական ընտրություններում առավել ձայներ ստացած քաղաքական ուժը: Այդ ուժը նույնպես «աստվածային մանդատ» չունի եւ նույնիսկ չի ներկայացնում բազմամիլիոնանոց հայ ժողովուրդը, այլ ընդամենը ընտրությունների եկած քաղաքացիների մեծամասնությունը:
Վարչապետին ոչ թե Աստված, այլ Սահմանադրությունն է պետական իրավասություններ տվել: Այդ լծակները՝ մասնավորապես ոստիկանությունը, ԱԱԾ-ն, քննչական մարմինները, նախարարությունները եւ այլն, Փաշինյանն օգտագործում է իր քաղաքական նպատակների համար: Նույն նպատակներին են այսօր ծառայում այն պետական մարմինները, որոնք օրենքով վարչապետին ենթակա չեն, մասնավորապես ՏԻՄ-երը եւ դատարանները:
Այդ բոլոր լծակները Փաշինյանն օգտագործելու է՝ Հայ առաքելական եկեղեցու Հայրապետի պաշտոնում իր կամակատարին նշանակելու համար (ինչը, բնականաբար, խիստ հակասության մեջ է Սահմանադրության հետ): Եվ այսքանից հետո ասել, որ այս պրոցեսը քաղաքական չէ, առնվազն անգրագիտություն է:
Ո՞ւմ դեմ է ուղղված այդ գործընթացը: Իհարկե, եկեղեցու դեմ՝ այն ցանցային կառույցի դեմ, որը միավորում է աշխարհի հայերի մեծ մասին: Եվ քաղաքական նպատակն այստեղ ակնհայտ է: Բայց քանդել այդ կառույցը չի կարող ոչ միայն Փաշինյանը, այլ շատ ավելի հզոր պետությունների ղեկավարները:
Միեւնույն ժամանակ, իմ կարծիքով, առաջին հերթին այս դավադրությունն ուղղված է պետության, սահմանադրական կարգի, ներքին կայունության դեմ: Եվ այս դեպքում նույնպես պարզ է, թե ինչի համար է դա արվում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: