
Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը (կառավարությունը) սառեցրել է Վենեսուելայի արդեն նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա հետ կապված անձանց կողմից երկրում պահվող բոլոր ակտիվները: Սակայն սառեցումը չի տարածվի Բոլիվարյան Հանրապետության ներկա կառավարության անդամների վրա: Այս մասին հայտարարվել է կառավարական գործակալության կայքում երկուշաբթի՝ հունվարի 5-ին:
Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման օրվանից և ուժի մեջ կմնա «մինչև հետագա ծանուցում» չորս տարի ժամկետով: Շվեյցարիայի կառավարությունն այն անվանել է «խափանման միջոց» և բացատրել, որ այն նպատակ ունի ապահովելու, որ «անօրինական կերպով ձեռք բերված ակտիվները չկարողանան դուրս բերել երկրից»:
«Եթե ապագա դատական վարույթները պարզեն, որ միջոցներն անօրինական ծագում ունեն, Շվեյցարիան կանի ամեն ինչ, որպեսզի դրանք օգուտ բերեն Վենեսուելայի ժողովրդին»,- ասվում է Շվեյցարիայի կառավարության հայտարարության մեջ:
Շվեյցարիան արդեն պատժամիջոցներ է կիրառել Վենեսուելայի նկատմամբ 2018 թվականին:
Ակտիվների սառեցումը լրացում է Շվեյցարիայի կողմից Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության դեմ պատժամիջոցներին, որոնք ուժի մեջ են 2018 թվականի մարտից: Մասնավորապես, սառեցվել են Վենեսուելայի 7 նախարարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների ակտիվները: Նրանց նաև արգելվել է մուտք գործել երկիր: Նոր միջոցառումներն ուղղված են այն անձանց, ովքեր նախկինում չեն ենթարկվել Շվեյցարիայի պատժամիջոցներին։