2026–ին Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը մի շարք ծրագրեր է իրականացնելու։ Դրանց մի մասն ուղղված է ժողովրդագրության բարելավմանը, մյուսները՝ խթանում են անկանխիկ առևտուրը։ Ժողովրդագրական խնդիրները մտագոհիչ են։ Եթե 2018 թվականից սկսած Հայաստանում ծնունդների թիվը կայուն էր՝ տարեկան մոտ 36 հազար երեխա էր ծնվում, ապա 2024–ին ծնվել է 34 հազար երեխա։ Այլ մտահոգիչ թվեր էլ կան․ Երևանում 2025-ի առաջին ամիսներին ավելին շատ մահացել են, քան ծնվել։ Սա լուրջ վերլուծության կարիք ունի՝ ասում են մասնագետները, քանի որ Երևանը ավանդաբար առաջին տեղում է եղել ծնունդների թվով։
Փոփոխություններ, որոնց նպատակը սոցիալական պաշտպանվածության բարձրացումն է։ Ընտանիքում թե՛ առաջին, թե՛ երկրորդ և թե՛ հաջորդ երեխայի ծննդյան դեպքում ընտանիքի ծախսերը նույնն են՝ վերլուծել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում։ Նախարար Արսեն Թորոսյանի տեղեկացմամբ՝ 2026 թ. սեպտեմբերի 1-ից Հայաստանում երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500.000 դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։
«Կախված նրանից, թե երեխան որերորդն է ընտանիքում՝ առաջինը, երկրորդը, երրորդը, չորրորդը, թե հինգերորդը, աջակցությունը տարբեր է։ Հաշվի ենք առել թե՛ մեր ունեցած փորձը , թե՛ միջազգային փորձը, և թե՛ նաև այն տրամաբանությունը, որը դրված է այս նպաստի հիմքում, այն է՝ երեխայի ծննդյան շուրջ ծագող խնդիրները լուծելուն են միտված այդ գումարները։ Այդ պահին ընտանիքի առաջացող ծախսերն են, որոնք որևէ կարգաթվով, ըստ էության, պայմանավորված չեն, կապ չունի՝ որերորդ երեխան է ծնվում, ծախսերը միատեսակ են»։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանն ընդգծում է՝ 2022–ից է իրականացվել ծրագիրը։ Այն փորձնական էր։ Պարզել են՝ միջոցառումը դրական է ազդում ժողովրդագրության վրա, ուստի և որոշել են․
«Դարձնել պարտադիր դրամական աջակցություն, սահմանել որպես պետական նպաստ։ Սա նշանակում է, որ ՀՀ օրենսդրությամբ երեխայի ծննդյան դեպքում 4 նպաստ՝ նախկին երեքի փոխարեն»։
Ընդհանուր առմամբ, Հայաստանում ժողովրդագրական խնդիրները մտահոգիչ են։ Վիճակագրությանը հղում անելով՝ Անահիտ Գալստյանը ընդգծում է․
«2024–ին ծնունդների նվազում է գրանցվել, 2025–ի ինն ամիսների տվյալները ևս մտահոգիչ են։ 2018–ից կենտրոացած էր 36 հազարի վրա։ 2024–ին իջավ՝ շուրջ 34 հազար երեխա ծնվեց»։
Այս վիճակագրությանը ևս մեկ ոչ պակաս մտահոգիչ ցուցանիշ է ավելացնում Միջազգային և անվտանգության հայկական հարցերի ինստիտուտի ասոցացված փորձագետ Արտակ Մարկոսյանը․
«Մինչև 2020 թ ժողովրդագրական գործընթացների ազատամարտիկը Երևանն էր, որտեղ գրանցվում էին ամենալավ ցուցանիշները։ 2025 թ–ի ինն ամիսներին Երևանում գրանցվել է դեպոպուլյացիա․ մահերը գերազանցել են ծնունդներին։
Նախ պետք է հասկանալ ՝ ինչ կատարվեց ՝ ասում է մասնագետը։ Միաժամանակ նկատում է, որ սեպտեմբերից ուժի մեջ մտնող կարգավորումը, այն է՝ երրորդ ու հաջորդ երեխայի համար մինչև վեց տարին լրանալը ամսական 50 հազար դրամ վճարելը հանրագումարային շատ ավելի մեծ թիվ է կազմում, քան միանվագ մեկ կամ 1․5 մլն դրամը։ Սա միակ փոփոխությունը չէ։ Երեխայի խնամքի նպաստներն անկանխիկ ծախսելիս նույնպես հետվճար է գործում։ Այս տարի այն արդեն 20 տոկոս է դարձել՝ նախկինում գործող 12 տոկոսի փոխարեն, բայց ոչ ավելի քան 10 հազար դրամն է։ Այն քարտին ավտոմատ է փոխանցվում։ Սկզբում հետվերադարձը առևտրի 10 տոկոսն էր, հետո՝ 12 տոկոսը, իսկ ահա այս տարվա հունվարի 1–ից այն ավելացել է ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյան․
«Դեռևս դեկտեմբերի տվյալները ամփոփված չեն։ Նոյեմբերի տվյալներով ավելի քան 378 հազար շահառու օգտվել է այս հնարավորությունից»։
Այս տարվա ապրիլից արդեն նպաստն ու կենսաթոշակը կտրամադրվեն բացառապես անկանխիկ։ Եթե քաղաքացին նպաստ կամ թոշակ ստանում է ArCa քարտերով, ապա ևս 2 տոկոս էլ կավելանա 20 տոկոսին՝ կրկին անկանխիկ առևտրի դեպքում։
Այս փոփոխությունները ոչ միայն սոցիալական պաշտպանության բարձրացման համար են, այլև ժողովրդագրական խնդիրները նախ մեղմելու, հետո նաև՝ լուծելու։ Հայաստանում ժողովրդագրական խնդիրներ եղել են անկախության տարիներից սկսած։ Պատերազմ, շրջափակում, սոցիալ-տնտեսական խնդիրներ։ Միջազգային և անվտանգության հայկական հարցերի ինստիտուտի ասոցացված փորձագետ Արտակ Մարկոսյանը «Ռադիոլուր» հետ զրուցում ընդգծում է՝ տրամադրվող նպաստները տարիների ընթացքում բարձրացել են․
«Երեխաների միանվագ դրամական նպաստը՝ 2000–ից 2008 ընկած ժամանակահատվածում եղել է մոտավորապես 18 000 դրամ, երեխայի խնամքի նպաստը` մոտավորապես 2500-3000 դրամ։ Այն ժամանակ չկային մանկապարտեզներ, չգիտեին՝ որտեղ տանեն երեխաներին։ 2002 թ.–ին մոտավորապես 32 000 ծնունդ էր գրանցվել, 2010 թ.–ին հասավ 44 000–ի»։
Իրավիճակը փոքր-ինչ փոխվեց խթանիչ քաղաքականության արդյունքում։ 2020 թվականից մի քանի ծրագրեր սկսվեցին իրականացվել։ Հատկապես խնդիրներ կային գյուղում ապրող կանաց համար՝ ընդգծում է․
«Գյուղում ծննդաբերող կինը ընդհանրապես 30 տարի որևիցե աջակցություն չէր ստացել, եթե հաշվի առնենք, որ մոտավորապես 80 %–ը գյուղական բնակավայրում չգրանցված աշխատողներ են։ Նրանք ունեն իրենց տնտեսությունը, աշխատում են, բայց չգրանցված են։ Երեխայի միանվագ դրամական նպաստը , որը այդ ժամանակ կազմում էր 50000 դրամ, 2005 թվականին էր դարձել այդքան։ 20 14 թվականի հունվարի 1–ից կարևոր քայլ արվեց․ ազդեցություն ունեցավ ծնունդների թվաքանակի աճի վրա։ 3-րդ, 4-րդ երեխայի համար սահմանվեց 1 մլն դրամ, 5-րդ և հաջորդ երեխայի համար՝ 1․5 մլն դրամ։ Բայց սա սկսեց աշխատել մոտավորապես, 6 կամ 7 տարի հետո»։
Եվ ևս մեկ փոփոխություն, որը արդեն ուժի մեջ է մտել։ Սա ևս կարող է բարձրացնել թոշակն ու նպաստը։ Տարեվերջին կառավարությունը սահմանեց ArCa քարտերով cashback-ի պայմանները։ Այն գործելու է 2026թ-ի ընթացքում, ըստ այդմ՝ անկանխիկ գործարքների ծավալի 2%-ը վերադարձվելու է հաճախորդներին, որից 1%-ը ArCa վճարային համակարգի կողմից, մնացածը կառավարության։ Այս պահին շրջանառության մեջ է մոտ 500 հազար ArCa քարտ։ Քաղաքացիներն անկանխիկ առևտուր անելու դեպքում 2 տոկոս հետվճար կստանան։ Հետվճարները հաշվարկվում և վճարվում են 2026 թվականի փետրվարից սկսած մինչև 2027 թվականի հունվարը՝ ներառյալ։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան․ «Հետվճարը տրամադրվում է յուրաքանչյուր ամիս՝ ինքնաշխատ եղանակով մինչև հաշվետու ամսվա հաջորդող ամսվա 25-րդ օրը։ Տվյալ ամսում վճարման ենթակա հետվճարը հաշվարկում է այդ ամսվա նախորդող ամսում ապրանքների և ծառայությունների ձեռքբերման դիմաց կատարված անկանխիկ վճարումների 2 տոկոսի չափով։ Յուրաքանչյուր գործարքից հետվճարը չի կարող գերազանցել 6 հազար դրամը, ամսվա համար՝ 60 հազար դրամը»։
Ծրագիրը չի վերաբերում կոմունալ վճարներին, կապի ու ՏՏ ոլորտի վճարումներին, բարձր ռիսկային վճարակետերում կատարված գործարքներին, ArCa–ի նվեր կամ մեկ անգամյա օգտագործման քարտին։ Փորձագիտական դաշտում, հղում անելով հիմնավորմանը, վերլուծում են՝ ArCa-ի մասնաբաժինը չի կարող գերազանցել 3.5 մլրդ դրամը։