Իրանը սոցիալական պայթյունի և քաղաքական անորոշության կիզակետում

Իրանում շարունակվող զանգվածային բողոքի ակցիաները, որոնք մեկնարկել են դեկտեմբերի վերջին՝ ծանրացող տնտեսական խնդիրների ֆոնին, ըստ գնահատումների, վերաճել են վերջին երեք տարվա ամենախոշոր սոցիալական ճգնաժամերից մեկին։ Ցույցերն ուղեկցվում են զոհերով, զանգվածային ձերբակալություններով, ինտերնետի սահմանափակումներով և միջազգային հարթակներից հայտարարությունների խստացմամբ։ Ի՞նչ է իրականում տեղի ունենում Իրանում, ինչպե՞ս են արձագանքում իշխանությունները, և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս ամենը։

Reuters-ի փոխանցմամբ՝ Իրանում մեկշաբաթյա բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն 16 ցուցարար։ Ցույցերը, որոնք սկսվել են  գնաճի և տնտեսական խնդիրների պատճառով, տարածվել են երկրի տարբեր շրջաններում՝ վերածվելով բախումների ցուցարարների և անվտանգության ուժերի միջև։ Ըստ որոշ տվյալների՝ կիրառվում է ծանր զենք։ Գործակալությունը նշում է, որ զոհերի և ձերբակալվածների թվերը տարբեր աղբյուրներում տարբեր են, և դրանք հաստատել դեռ չի հաջողվել։

Իրավիճակի լրջությունը իշխանություններին ստիպել է փոխելու հռետորաբանությունը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ներքին գործերի նախարարությանը կոչ է արել ցուցարարների նկատմամբ ցուցաբերելու «բարի և պատասխանատու մոտեցում»՝ ընդգծելով, որ, մեջբերում․ «հասարակությանը հնարավոր չէ համոզել կամ հանդարտեցնել ուժի կիրառմամբ»,— մեջբերման ավարտը։ Սա, ըստ գործակալության, վերջին տարիներին իշխանությունների արած ամենահաշտեցնող հայտարարություններից է։

Միևնույն ժամանակ ցուցարարների վրա ուժային ճնշումը շարունակվում է։ Իրանի ոստիկանապետ Ահմադ-Ռեզա Ռադանը հայտարարել է.

«Վերջին երկու օրերին անվտանգության ուժերը ձերբակալել են բողոքի ցույցերի բազմաթիվ առաջնորդների, նաև սոցիալական ցանցերում ակտիվ գործիչների։ Վիրտուալ տարածքում գործող շատ առաջնորդներ արդեն կալանավորված են»։

Գերմանական Deutsche Welle-ն հայտնում է, որ բողոքի ալիքի ֆոնին Իրանի իշխանությունները սահմանափակել են ինտերնետ հասանելիությունը։ IT Cloudflare (Այ-Թի քլաուդֆլեը) ընկերության տվյալներով՝ երկրի ինտերնետային թրաֆիկը ժամանակավորապես կրճատվել է մոտ մեկ երրորդով։ Շատ իրանցիներ սոցիալական ցանցերում հայտնել են զանգվածային խափանումների մասին։ Նախկինում նման սահմանափակումներ կիրառվել էին 2009, 2019 և 2022 թթ․ բողոքների ընթացքում։

DW-ի փոխանցմամբ՝ իրավապաշտպան Hengaw (Հենգա) կազմակերպության տվյալներով՝ հունվարի 3-ին Արևմտյան Իլամ նահանգում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամները կրակ են բացել ցուցարարների վրա, ինչի հետևանքով զոհվել է առնվազն չորս իրանցի քուրդ։ Իրավապաշտպան կազմակերպությունը հետագայում հայտնել է արդեն 17 զոհի և ավելի քան 500 ձերբակալվածի մասին, սակայն ընդգծել, որ անկախ աղբյուրները այդ տվյալները դեռ չեն հաստատել։  

Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը նույնպես հայտնել է առնվազն 4 զոհի և 30 վիրավորի մասին, որոնք «հարձակման են ենթարկել Իրանի անվտանգության ուժերի կողմից»։ Մինչդեռ, Իրանի «Մեհր» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Մալեքշահիում «բախումների» ժամանակ սպանվել է ԻՀՊԿ-ի մեկ մարտիկ։

Բողոքի ցույցերն ունեն նաև հստակ քաղաքական բաղադրիչ։ Վկայակոչելով dpa-ի տվյալները՝ DW-ն գրում է, որ ցուցարարների մի մասը վանկարկել է «Մահ դիկտատորին» և «Կեցցե թագավորը» կարգախոսները, որոնք ուղղված են եղել գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դեմ։   

Միաժամանակ, ըստ դիտորդների, իշխանությունները փորձում են բողոքի ալիքը զսպել ոչ միայն ուժի, այլև սոցիալական մեղմման քայլերի միջոցով։ Կառավարության խոսնակը կիրակի օրը պետական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ յուրաքանչյուր իրանցի կստանա ամսական չորս ֆինանսական աջակցություն՝ յուրաքանչյուրը մոտ վեց եվրոյին  համարժեք։ Նրա խոսքով՝ միջոցառման նպատակը «բնակչության վրա տնտեսական ճնշումը թեթևացնելն է»։

Սակայն, փորձագետների գնահատմամբ, այս քայլը դժվար թե զգալի ազդեցություն ունենա։ Իրանում միջին աշխատավարձը մոտ 170 եվրո է, նվազագույնը՝ շուրջ 85 եվրո։ Պաշտոնական տվյալներով՝ գնաճը հասել է 42,2 %-ի, իսկ վերջին 12 ամսում  պարենային ապրանքների գները աճել են ավելի քան 70 %-ով։ Անցած երեք տարում մեկ դոլարի արժեքն իրանական ռիալի հանդեպ Իրանում աճել է 220 %-ով։ Շատ իրանցիներ տնտեսական ճգնաժամի պատճառը համարում են կոռուպցիան և անարդյունավետ կառավարումը՝ պնդելով, որ ռեժիմը մեծ միջոցներ է ծախսում իրեն պահելու համար՝ այդ բեռը դնելով հասարակության ուսերին։ Իշխանություններն իրենց հերթին մեղադրանքներն ուղղում են «պետության թշնամիներին»՝ առաջին հերթին ԱՄՆ-ին և Իսրայելին, ինչպես նաև ամերիկյան պատժամիջոցներին՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հետ։

Թե՛ Reuters-ը, թե՛ Deutsche Welle-ն նկատել են, որ իրավիճակը սրվում է նաև միջազգային հարթակում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում հունվարի 2-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը կմիջամտի, եթե Իրանում կրակ բացվի խաղաղ ցուցարարների վրա։

Հակակառավարական բողոքի ցույցերի ընթացքում զոհերի մասին հաղորդումների ֆոնին Դոնալդ Թրամփը հերթական անգամ հայտնել է իր աջակցությունը ցուցարարներին՝ կրկին Իրանի ղեկավարությանը սպառնալով միջամտությամբ։ «Մենք լիովին պատրաստ ենք, մեկնարկային դիրքում»,— շեշտել է Թրամփը։ Թե կոնկրետ ինչ քայլեր կարող է անել ԱՄՆ-ն, նա չի պարզաբանել։ Այս հայտարարությունից հետո իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները սպառնացել են տարածաշրջանում ԱՄՆ ուժերի դեմ պատասխան քայլերով։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին իր հերթին կոշտ դիրքորոշում է արտահայտել՝ հայտարարելով, որ Իրանը «չի զիջելու թշնամուն»։ Իրանի հանդեպ Միացյալ Նահանգների հռետորաբանությունը վերջին շրջանում կրկին կոշտացել է․ առանցքում կրկին միջուկային հարստացման թեման է։ Դրան փաստացիորեն ավելացել է հարևան երկրում սոցիալական խնդիրը, որը քաղաքական հետևանքներով է հղի։
Իրանական իշխանությունները և վերլուծաբանները Իրանում սկիզբ առած խժդժությունների հետևում տեսնում են Սպիտակ տան և սիոնիստական ուժերի ազդեցությունը։

Լարված իրադարձությունների ֆոնին բրիտանական Times-ը, հղում անելով Մեծ Բրիտանիայի հետախուզությանը, գրում է, որ Խամենեին ունի պլան Բ՝ նախատեսելով հնարավոր փախուստ Մոսկվա, եթե բանակն ու անվտանգության ուժերը դադարեն հրամանները կատարելուց և անցնեն ցուցարարների կողմը։ Իսրայելական հետախուզության նախկին աշխատակից Բենի Սաբտին պնդել է, որ «Խամենեիի համար այլ անվտանգ տեղ պարզապես գոյություն չունի», և այդ սցենարը համեմատել է Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի՝ Մոսկվա փախուստի հետ։

Leave a Comment