Հայտարարություն «Կրիպտոակտիվների մասին» օրենքի անցումային ժամանակահատվածի մասին

2025 թվականի հուլիսի 4-ից ուժի մեջ մտած «Կրիպտոակտիվների մասին» օրենքի համաձայն կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը ենթակա է լիցենզավորման ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

Օրենքի 94-րդ հոդվածը նախատեսում է անցումային ժամանակահատված այն անձանց համար, ովքեր օրենքն ուժի մեջ մտնելու օրվա (04.07.2025թ.) դրությամբ մատուցել են կրիպտոակտիվներով ծառայություններ։ Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց լիցենզավորումը կարգավորող ենթաօրենսդրական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, վերը նշված իրավաբանական անձինք պետք է գրանցվեն և լիցենզավորվեն Կենտրոնական բանկի կողմից` որպես կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ, իսկ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ կարող են շարունակել կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը մեկ տարի, որից հետո պետք է դադարեցնեն կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը կամ դրանց առաջարկը։

Այլ անձինք կարող են ՀՀ տարածքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցել միայն ԿԲ կողմից գրանցման և լիցենզավորման դեպքում։

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ԱԺ կողմից 17.12.2025թ․ ընդունված օրենքներով փոփոխություններ են կատարվել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում (ուժի մեջ է մտնում 01.01.2026թ) և «Կրիպտոակտիվների մասին» օրենքում (ուժի մեջ է մտել 30.12.2025թ)։ Դրանցով նախատեսվել է որոշակի պայմանների բավարարման դեպքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց հետ կամ միջոցով կրիպտոակտիվներով առուվաճառքի գործարքների՝ կանխիկ եղանակով իրականացման հնարավորություն։ Մասնավորապես, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող այն անձինք, որոնք մինչև 2026թ. հունվարի 31-ը կդիմեն Կենտրոնական բանկին ներկայացնելով հիմնավորումներ մինչև օրենքն ուժի մեջ մտնելու օրը (04.07.2025թ.) կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը հավաստելու մասին, կներառվեն կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցողների համար Կենտրոնական բանկի կողմից վարվող ցանկում, և այդ պահից իրավունք կստանան իրականացնել կանխիկ գործարքներ։ Ընդ որում, կանխիկ գործարքները կարող են իրականացվել միայն 300 հազար ՀՀ դրամը չգերազանցող գումարով և պայմանով, որ անկախ գործարքի գումարից՝ ծառայություններ մատուցող անձն իրականացնում է հաճախորդի նույնականացում և ինքնության ստուգում, ինչպես նաև վարում է գործարքի էական պայմանների վերաբերյալ պատշաճ գրառումներ։

Կենտրոնական բանկ դիմելու և կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցողների համար Կենտրոնական բանկի կողմից վարվող ցանկում ներառվելու գործընթացը նախատեսված է այն անձանց համար, ովքեր նախատեսում են իրականացնել կրիպտոակտիվներով գործարքներ կանխիկ եղանակով։

Միևնույն ժամանակ, Կենտրոնական բանկը հորդորում է բոլոր այն անձանց, որոնք 04.07.2025թ. դրությամբ մատուցել են կրիպտոակտիվներով ծառայություններ (անկախ այն հանգամանքից՝ գործարքները իրականացվելու են կանխիկ, թե անկանխիկ եղանակով), սահմանված կարգով դիմել Կենտրոնական բանկ։

Կենտրոնական բանկին դիմելու համար պետք է օրենքով սահմանված տեղեկությունները և հիմնավորումները ներկայացնել secretariat@cba.am էլեկտրոնային փոստի հասցեին (դիմումի ձև

Ծանոթացեք համապատասխան կարգավորումների նախագծին և հավելվածին:

Leave a Comment