Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն Լա Լիգայի 18-րդ տուրում «Բետիսի» նկատմամբ տարած խոշոր հաղթանակից հետո «Բերնաբեուի» մամուլի սրահում ամփոփել է հանդիպումը։
«Սա կարևոր և արժանի հաղթանակ էր՝ տարին տնային խաղով սկսելու համար։ Նման մեկնարկը վճռորոշ է՝ Սուպերգավաթից առաջ հանգստություն և դրական տրամադրվածություն պահպանելու տեսանկյունից։ Մրցաշարային աղյուսակի առումով ևս սա արժեքավոր հաղթանակ էր. «Բարսելոնան» երեկ հաղթել էր, ուստի մենք պետք է շատ խաղերում հաղթենք։ Սա մրցաշրջանի առաջին հատվածի վերջին խաղն էր, և մենք վաստակել ենք 45 միավոր։ Նույն տեմպով շարունակելու դեպքում կունենանք 90 միավոր։ Տեմպը բարձր է լինելու մինչև վերջ։ Վաղվանից կենտրոնանում ենք միայն Սուպերգավաթի վրա։
Սա երազանքի խաղ էր Գոնսալոյի համար՝ «Բերնաբեուում», առաջին մրցաշրջանը գլխավոր թիմում և հեթ-տրիկ։ Նա ցանկանում էր գոլ խփել այստեղ, և ես ուրախ եմ նրա համար։ Գոնսալոն անհավանական վերաբերմունք ունի գործին և վառ օրինակ է, թե ինչ է նշանակում լինել «Ռեալի» ակադեմիայի սան։ Ֆուտբոլը թիմային աշխատանք է պահանջում ինչպես գնդակով, այնպես էլ առանց դրա: Հարձակվողները սկսում են պրեսինգը, և Գոնսալոն դա շատ լավ է հասկանում՝ նա ագրեսիվ է, արագ և ճիշտ ժամանակին է ճնշում գործադրում»:
Ալոնսոն նաև ֆանտաստիկ է որակել այն փաստը, որ թիմի բոլոր 5 գոլերը խփել են ակադեմիայի սաները. «Դա հիանալի վիճակագրություն է և ցույց է տալիս կատարվող մեծ աշխատանքը։ Խաղադաշտը տալիս է հնարավորություն նրան, ով արժանի է դրան:
Վինին մեզ շատ օգուտ տվեց, հատկապես առաջին խաղակեսում։ Նա հասուն խաղացող է և առանցքային դեր է ունենալու, մասնավորապես՝ Սուպերգավաթում «Ատլետիկոյի» դեմ խաղում։ Ինչ վերաբերում է Կամավինգային, նրան խաղային պրակտիկա է պետք վնասվածքներից հետո՝ իր որակներն ու դինամիկան վերականգնելու համար։ Ռոդրիգոն ևս ամբողջական հանդիպում անցկացրեց. նա կարող է խաղալ հարձակման գծի ցանկացած դիրքում։
Մբապեն դեռ վերջնականապես բաց չի թողնում Սուպերգավաթը։ Մենք կսպասենք մինչև երեքշաբթի՝ տեսնելու նրա ինքնազգացողությունը, և նոր որոշում կկայացնենք։ Իսկ Չուամենին, չնայած հարված է ստացել, հաստատ կմեկնի Արաբիա։
Դարպասապահի մասնակցությունը շատ կարևոր է խաղի կառուցման գործում։ Տիբոն լավ է խաղում ոտքով, հասկանում է խաղը, և մենք նրան օգտագործում ենք որպես ազատ խաղացող գրոհները հետվից սկսելիս»,- նշել է իսպանացի մասնագետը։