Այս շաբաթ Ուկրաինայի եվրոպական դաշնակիցների երկու հանդիպում կանցկացվի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այս շաբաթ երկու հանդիպումներ են կայանալու եվրոպական դաշնակիցների հետ՝ իր երկրի դեմ Ռուսաստանի պատերազմի «վերջն արագացնելու» հույսով:

Մինչ այդ հանդիպումները, այսօր վաղ առավոտյան Կիևին ռուսների հասցրած օդային հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել:

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդել է, որ հարվածին հաջորդել է հրդեհը մայրաքաղաքի Օբոլոնսկի թաղամասի բուժհաստատությունում: Հրդեհի մարումից հետո շենքում դիակ է հայտնաբերվել:

Այսօր ավելի ուշ Ուկրաինայում անցկացվելու է եվրոպական երկրների, այդ թվում՝ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի գլխավոր շտաբների պետերի հանդիպումը:

Վաղը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Փարիզում հյուրընկալելու է եվրոպացի առաջնորդներին: Այդ հանդիպմանը, ըստ Մակրոնի, Կիևի աջակիցները Ուկրաինայի անվտանգության հարցով «կոնկրետ» պարտավորություններ են ստանձնելու:

«Եվրոպայում հանդիպումներ են կայանալու, որոնք պետք է դառնան ևս մեկ ներդրում մեր պաշտպանությունում և արագացնեն պատերազմի վերջը», – հայտարարել է Զելենսկին՝ շարունակելով. – «Ուկրաինան պետք է պատրաստ լինի երկու ուղիներին՝ դիվանագիտությանը, որին մենք հետամուտ ենք, և ակտիվ պաշտպանությանը, եթե Ռուսաստանի վրա մեր գործընկերների ճնշումներն անբավարար լինեն»:

«Ուկրաինան խաղաղություն է ուզում: Բայց Ուկրաինան չի զիջի իր ուժը ոչ ոքի», – պնդել է երկրի նախագահը:

Leave a Comment