Վրաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ Վենեսուելայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ, հայտնում է Грузия Online-ը։
Ըստ գերատեսչության հայտարարության՝ Թբիլիսիում ուշադիր հետևում են երկրում ընթացող իրադարձություններին՝ հույս ունենալով, որ «հետագա գործընթացները կզարգանան վենեսուելացի ժողովրդի շահերին համապատասխան»։
Գերատեսչությունը հույս է հայտնում, որ Վենեսուելայի վերջին իրադարձությունները կհանգեցնեն Վենեսուելայի իշխանությունների կողմից Վրաստանի օկուպացված տարածաշրջանների «ճանաչման» չեղարկմանը։
Հիշեցնենք՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, որին ԱՄՆ-ի զինվորականները Թրամփի հրամանով հունվարի 3-ին գերեվարել են, ենթադրաբար, տեղափոխվել է Բրուքլինի քննչական մեկուսարան:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ TruthSocial սոցիալական ցանցի իր էջում հրապարակել էր ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Iwo Jima նավի վրա գերի վերցված Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի լուսանկարը։
Մինչ այդ էլ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը գերի են վերցվել և դուրս բերվել երկրից: Թրամփը նաև հայտարարել էր, որ ուղիղ եթերում հետևել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալման գործողությանը։
Հիշեցնենք նաև՝ Վենեսուելայի Գերագույն դատարանը որոշել է, որ Դելսի Ռոդրիգեսը, որը Մադուրոյի օրոք զբաղեցրել է երկրի փոխնախագահի պաշտոնը, պետք է դառնա երկրի նախագահի պաշտոնակատար։