ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ղազագիր ստորագրող դավադիրները, ճանաչեք դեմքերով։ Սրանից ավելի նողկալի տեսարանի չէի հանդիպել կյանքումս։ Կարելի է ասել՝ հիմա արդեն ամեն ինչ տեսա։
Հ.Գ. Հետաքրքիր է իրենք իրենցից գո՞հ են, տեսնես ո՞ր մեկին է խոստացել Կաթողիկոսի գահը»:
***
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իսկ սրան անգամ «տիրադավ» ասելն է քիչ։ Ո՛չ հայերենում ու ո՛չ էլ աշխարհի որևէ ուրիշ լեզվում չկա բառ, որը կբնութագրի այս մարդու արարքը։
Ահավասիկ՝ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը»։
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գործադիր իշխանության ղեկավարը ի՞նչ գործ ունի միջամտի եկեղեցու գործերին, մի հատ էլ իր կեցավայրից ուղերձ հղի։
Ո՞ւր մնաց եկեղեցին անջատված է պետությունից սկզբունքը։
Ժողովրդավարական բաստիոնում արդեն վարչապետի կեցավայրից են եկեղեցու բարենորոգման ծրագիր հռչակում։
Միջազգային կառույցներ, ի՞նչ կա…
Էսա կգաք լոլոներ կարտաբերեք նիկոլիզմի ժողովրդավար լինելու մասին, չէ՞։
Դե իսկ Փաշինյանն էլ բոլոր հարցերը լուծել է, հիմա զբաղված է հոգևոր կյանքի բարենորոգումով էլի…
Հայաստանի 240 քառ կմ ազատագրել է ադրբեջանական օկուպացիայից, հայ ռազմագերիներին վերադարձրել է Հայաստան, արցախահայերի Արցախ վերադարձի հարցը բարով խերով լուծել է, հիմա էլ զբաղված է եկեղեցու «բարենորոգումով»»:
***
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իր ամանորյա ուղերձում Վեհափառ Հայրապետը Նիկոլի կողմն անցած հոգևորականներին կրկին մեծահոգաբար կոչ արեց դադարեցնել «եղբայրադավության քայլերը»։ Տիրադավ բառը չօգտագործեց՝ այլ եղբայրադավությունից խոսեց։
Հայրապետն ամեն ինչ անում է, որպեսզի Նիկոլի մոտ խոնարհման գնացած եպիսկոպոսներն ապաշխարելու և իրենց հոգիները փրկելու հնարավորություն ունենան։ Նորին Սրբությունը դա անում է ի հակառակ՝ նրանց պաշտոնանկ և/կամ նույնիսկ կարգալույծ անելու պահանջով հնչող անթիվ ու անհամար կոչերի։ Ասել է թե՝ Վեհափառ Հայրապետը, հանուն տիրադավերի հոգու փրկության, իր անձն է որոշ իմաստով հարվածի տակ դնում։ Եվ սա այն է, ինչը մեզ սովորեցրել է Քրիստոս։
Անկե՞ղծ եք ուզում ասեմ՝ ինքնազոհության այս օրինակն է, որ երկար ժամանակ պակասել է մեզ։ Չեմ ասում չի եղել։ Եղել է։ Վերջին ու ամենավառ օրինակը Գերաշնորհ Տեր Բագրատ արք. Գալստանյանն է։
Ինքնազոհություն չի նշանակում պարտություն։ Հակառակը՝ ինքնազոհությունը հաղթանակի՝ չափազանց դժվար, բայց միանշանակ միակ ուղին է։ Վեհափառ Հայրապետը դա բոլորից լավ գիտի։ Այդ է պատճառը, որ Նիկոլը ստիպված է «հանձնախմբեր» ձևավորել, թուղթ ստորագրելու պերֆորմանսներ իրականացնել և այլն։
Այս կռվում Նիկոլն արդեն պարտված է։ Եվ սա իր առաջին պարտությունը չէ։ Բագրատ Սրբազանին էլ է Նիկոլը պարտվել։ Գաղափարական դաշտում է պարտվել, արժեքային։ Շուտով դա կվերածվի նաև քաղաքական պարտության։ Այ կտեսնեք և կհամոզվեք»։
***
Սահմանադրագետ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը՝ չարաշահելով ՀՀ վարչապետի պաշտոնը, բացահայտ միջամտում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին։
Վարչապետի կեցավայրում մեկնարկեց գործընթաց և, որպես վարչապետ, ստորագրեց փաստաթուղթ, որն անելու որևէ լիազորություն ՉՈՒՆԻ՝ թե՛ Սահմանադրությամբ, թե՛ ՀՀ օրենքներով։
Ավելի բացահայտ հակասահմանադրական և հակաիրավական գործողություն ՀՀ վարչապետի կողմից դժվար է պատկերացնել։
Սա հայերին խմբերի բաժանելու և միմյանց դեմ հանելու հերթական անթույլատրելի գործընթացն է․․․
Ավելի քան երբևիցե հավատավոր հայերս պետք է համախմբվենք մեր եկեղեցու շուրջ։
Հ.Գ. Սահմանադրության 6-րդ հոդված. չարչրկված «Օրինականության սկզբունքը»
«Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք (օրինակ՝ վարչապետը) ԻՐԱՎԱՍՈՒ են կատարելու ՄԻԱՅՆ այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»»։
***
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գրառումը. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իբր բարենորոգման այն հերթական արարը, որին ականատես եղանք, կարելի է գնահատել՝ որպես սահմանադրական կարգի տապալման դասական օրինակ, որին իրավապահ համակարգը, կարծում եմ՝ պետք է անդրադառնա:
Բայց այս ամենում մի կարևոր հանգամանք կուզենայի շեշտել։ Ն. Փ-ն բազմաթիվ անհաջող փորձերից հետո հասկացել է, որ իր ուժերից վեր է «կայծակնային» արագությամբ հեռացնել Վեհափառին և կազմաքանդել հայկական հոգևոր-ազգային ամենահին կառուցակարգերից մեկը, ուստի դիմում է հայտնի հին մեթոդին՝ անհասկանալի և ոչ լեգիտիմ հանձնաժողովներով և համակարգող խորհուրդներով կոծկել իր հերթական տապալումը։
Բացի այս, դրանց ստեղծմամբ, Ն.Փ-ն պաշտոնապես մեկնարկում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու պառակտման գործընթացը և որպես կառավարության փաստացի ղեկավար, գլխավորելով այդ համակարգող խորհուրդ կոչեցյալը, կրում ուղիղ պատասխանատվություն հնարավոր բոլոր հետևանքների համար:
Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին սրանից ավելի դժվարին փորձությունների և պայքարի միջով է անցել, այս մեկից էլ վստահաբար պատվով դուրս կգա։
Հենց դրա համար Վեհափառ Հայրապետին որդիաբար խնդրում եմ մեր Սուրբ Եկեղեցուն անմնացորդ աջակցելու հորդորով դիմել հավատավոր ազգին և այս փուլում առնվազն պաշտոնանկ անել տիրադավերին։
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ո՜վ Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»:
Դիտեք նաև՝