ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Ծննդյան տոնին՝ ժամը 13:30-ին, բոլորին հրավիրում է ուխտերթի, որը կմեկնարկի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բակից։ Եկեղեցին գտնվում է Երևանի Տիգրան Մեծի պողոտայում։ Երթը կուղղվի դեպի Երևանի Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցի, որը գտնվում է Սայաթ Նովա և Աբովյան փողոցների խաչմերուկում։
Ի՞նչ խորհուրդ ունի ուխտերթը
Առաջինը. Այդպիսով նշանավորել մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը։
Երկրորդը. Արձանագրել մեր հավատարմությունը Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբազան ավանդությանը։
Երրորդը. Արտահայտել աջակցություն Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգմանը, որի մասին երեկ երեկոյան Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ հանդես եկանք հայտարարությամբ։
Չորրորդը. Արտահայտել աջակցություն մեր պետականությանը և հստակ ներկայացնել մեր դիրքորոշումն այն առնչությամբ, որ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և նրա մերձավոր շրջապատի կողմից Եկեղեցին մեր պետության ինքնիշխանության և անկախության դեմ որպես հիբրիդային պայքարի միջոց օգտագործելու գործելակերպը անընդունելի է, և մենք նման գործելակերպի շարունակություն թույլ չենք տալու։
Ուզում եմ ընդգծել, որ երթը, բնականաբար, լինելու է խաղաղ, լեցուն քրիստոնեական սիրով և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման վճռականությամբ։
Երթը կավարտվի Սայաթ Նովա–Աբովյան փողոցների խաչմերուկում, որտեղ կկայանա կարճ հավաք։ Իհարկե, ցուրտ է լինելու, ուստի խնդրում եմ՝ նախ մասնակցել երթին, և երկրորդ՝ տաք հագնվել։