Թրամփը զգուշացնում է՝ Վենեսուելայի կառավարիչները «կհամագործակցեն» կամ «շատ մեծ գին կվճարեն»

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ Միացյալ Նահանգներում բանտարկությունից հետո, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարավամերիկյան այդ երկրի ավտորիտար կառավարիչները «շատ մեծ գին կվճարեն», եթե «չհամագործակցեն» Վաշինգտոնի հետ:

Երեկ Atlantic պարբերականում հրապարակված հարցազրույցում Թրամփը զգուշացրել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսին, որ «եթե նա չանի այն, ինչ ճիշտ է, շատ մեծ գին կվճարի, հավանաբար ավելի մեծ, քան Մադուրոն»:

Ռոդրիգեսը, որը մինչ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելը Վենեսուելայի փոխնախագահն էր, Մադուրոյին անվանել էր «միակ նախագահ», Միացյալ Նահանգների գործողությունը որակել ՄԱԿ-ի Կանոնադրության ոտնահարում և վստահեցրել. – «Մենք երբեք այլևս ստրուկներ չենք լինելու»:

Այդուհանդերձ, անհրաժեշտության դեպքում Վենեսուելայում ռազմական գործողության երկրորդ ալիք իրականացնելու պատրաստակամության մասին Թրամփի ակնարկից հետո Ռոդրիգեսն ավելի հաշտվողական էր՝ այսօր վաղ առավոտյան սոցիալական ցանցում գրելով, թե Կարակասը Վաշինգտոնի հետ «հավասարակշռված և հարգալից» հարաբերությունների կողմնակից է:

«Մենք հրավեր ենք հղում Միացյալ Նահանգների կառավարությանը՝ միասին աշխատելու համատեղ զարգացմանն ուղղված համագործակցության օրակարգի վրա», – գրել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարը:

Leave a Comment