Այժմ, իմ համոզմամբ, Հայաստանի համար ծանր ժամանակաշրջան է՝ նաեւ այն պատճառով, որ հասարակությունը հոգեւոր, մտավոր եւ բարոյական ճգնաժամ է ապրում: Ես այդպես եմ կարծում, բայց շատերն ինձ հետ համաձայն չեն եւ գտնում են, որ որեւէ ճգնաժամ չկա, եւ հիմա Հայաստանի ամենապայծառ ժամանակաշրջանն է:
Փորձեմ բացատրել, թե ինչ եմ ես հասկանում՝ «ճգնաժամ» ասելով:
Մի օրինակ բերեմ, որը գուցեեւ ինքն իրենով մանր է, բայց հատկանշական է: Ես բարոյական եւ հոգեւոր ճգնաժամ եմ տեսնում այն փաստի մեջ, որ իշխանության չափից դուրս բոցավառ կողմնակից համայնքապետը դեբոշ է սարքում եկեղեցական արարողության ժամանակ, եւ հասարակությունը բաժանվում է երկու մասի՝ «լավ է արել»-«վատ է արել»՝ կախված քաղաքական, կլանային կամ անձնական նախասիրություններից: Առաջ նման բան հնարավոր չէր: Ամենակարկառուն ՀՀՇ-ականը, քոչարյանականը կամ ՀՀԿ-ականը, եթե իր «թիմի» ներկայացուցիչն այդպիսի բան աներ, կընդդիմանար ու կասեր, որ նռնօրհնեքը, պատարագը, ժամերգությունը եւ բոլոր մնացած եկեղեցական արարողությունները քաղաքականությունից դուրս են: Հիմա ոչ մի ՔՊ-ական կամ նիկոլական նման բան չի ասի:
Նորություն չէ, իհարկե, որ, մասնավորապես, խուլիգանական վարքը իրավական հետեւանք չի ունենում: Նույնը կարող էր լինել նաեւ 10 կամ 20 տարի առաջ. թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա՝ եթե իշխանության «յուրայինն» է օրենք խախտում, իրավապահները կարող էին եւ կարող են աչք փակել: Արդարադատության ճգնաժամը, հետեւաբար, մշտական է 34 տարվա ընթացքում: Նորությունը հետեւյալն է. չկա նաեւ հասարակական համաձայնություն, որ նման բաներ չի կարելի անել՝ անկախ քաղաքական եւ անձնական նախասիրություններից: Որ դա անթույլատրելի է, մերժելի է բոլոր դեպքերում:
Նույնը Մայր աթոռում միջնամատ ցույց տալը, նույնը որեւէ մեկին քարով խփելով «սատկացնելու» կոչերը: Նույնը Բաքվի բանտում խոշտանգվող մեր հայրենակիցների հասցեին դաժան, անմարդկային գրառումներն ու մեկնաբանությունները:
Այդ ամենի հիմքը իբր «քաղաքական» տարաձայնություններն են՝ «ռուսամետ – արեւմտամետ», «ներկա – նախկին», «կաթողիկոսին կողմ – կաթողիկոսի դեմ» եւ բազմաթիվ այլ բաժանարար գծեր, որոնք, կարծում եմ, միտումնավոր կերպով ստեղծում են Փաշինյանը, նրա ռեժիմը, նրա քարոզչությունը: Բայց իրականում ես վստահ եմ, որ «ամենաներկա», «ամենաարեւմտամետ» եւ «ամենահակակաթողիկոսական» անձնավորությունը չպիտի կորցնի իր մարդկային դեմքը եւ, օրինակ, հարգի եկեղեցական ծեսը կամ չուրախանա, երբ ազատազրկվում են որեւէ հանցանք չկատարած մարդիկ:
Ճգնաժամը հենց ընդհանուր չափանիշների բացակայության մեջ է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ալեքսանդր Պատրինի լուսանկարում՝ Թալին խոշորացված համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Թալինի Տարածքային խորհրդի նախագահ Տավրոս Սափեյանը Մայր Աթոռը գրոհողների շարքում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: