Երևանում Եվրոպական համայնքի գագաթաժողովի հետաձգումը կհանդիսանա հարգանքի դրսևորում․ Օսկանյան

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ընդարձակ գրառում է կատարել 2026-ին սպասվող քաղաքակա իրադարձությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք հատվածաբար․

«Հայաստանը 2026 թվական է մտնում ոչ թե որպես երկիր, որը հանգիստ պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին, այլ որպես պետություն, որը կանգնած է իր քաղաքական ապագայի շուրջ վճռորոշ որոշումների շեմին։ Հունիսին կայանալիք ընտրությունները չեն լինելու ծրագրերի և անհատների սովորական մրցակցություն։ Նիկոլ Փաշինյանի համար իշխանության պահպանումը ոչ միայն քաղաքական, այլև անձնական հարց է։ Դժվար է հավատալ, որ Փաշինյանը չի պատկերացնում, որ այն վնասը, որը իր իշխանության օրոք պատճառվել է հայ ժողովրդին, իրավական գնահատականի չի արժանանալու։ Իսկ հանրության մեծամասնության համար արդյունքները գոյաբանական են։

Եվրոպացի առաջնորդների բարձր մակարդակի հավաքը Երևանում ընտրություններից անմիջապես առաջ անխուսափելիորեն կներկայացվի ներքին լսարանին որպես Փաշինյանի իշխանության միջազգային հավանություն։ Արդեն իսկ իշխանության խիստ վերահսկողության տակ գտնվող մեդիա միջավայրում նման պատկերները կօգտագործվեն լեգիտիմություն, անխուսափելիություն և արտաքին աջակցություն ներշնչելու համար։ Անկախ մտադրություններից՝ այդ ազդեցությունը կհանդիսանա արտաքին միջամտություն Հայաստանի ներքին քաղաքական գործընթացին։

Կարծում եմ, որ չափազանց տեղին կլիներ, եթե բոլոր ընդդիմադիր ուժերը՝ անկախ գաղափարախոսությունից կամ անցյալի հակասություններից, համատեղ նամակով դիմեն Եվրոպական քաղաքական համայնքի ղեկավարությանը և անդամ պետություններին՝ խնդրելով գագաթնաժողովը երկու ամսով հետաձգել՝ ընտրություններից հետո։

Նման խնդրանքը կունենա համոզիչ հիմնավորում։ Հայաստանի ժողովրդավարական հետընթացը, քաղաքական բանտարկյալների առկայությունը, անկախ մամուլի ճնշումը և իշխանության ավտորիտար կենտրոնացումը փաստեր են, ոչ թե կարծիքներ։ Քվեարկությունից օրեր առաջ Երևանում խոշոր քաղաքական միջոցառման անցկացումը վտանգում է արդեն իսկ խաթարված գործընթացի լեգիտիմացումը։ Հետաձգումը կհանդիսանա հարգանքի դրսևորում Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ։

Քաղաքական ուժերի համաձայնության և ցանկության դեպքում պատրաստ եմ տրամադրել նամակի նախագիծը»։

Leave a Comment