Աբովյան քաղաքում գործող գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ

Այսօր՝ հունվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքում՝ Սարալանջի փողոցում գործող գազալցակայանում, հրդեհ-պայթյուն է տեղի ունեցել, կա տուժած։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ գազի արտահոսք է տեղի ունեցել, և երբ աշխատակիցը մտել է ներս, տեղի է ունեցել պայթյուն: Ըստ նախնական տեղեկությունների՝ ենթադրաբար պայթյունը տեղի է ունեցել ծխախոտը վառելու հետևանքով: Աշխատակիցը, որը, ըստ դեպքի վայրում հավաքվածների, հերթափոխի պետ՝ Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Սաղաթել Մ.-ն է, տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները։

Leave a Comment