Վենեսուելայի հեռացված առաջնորդ Նիկոլաս Մադուրոն տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, այն բանից հետո, երբ ԱՄՆ ուժերը գիշերային հատուկ ռազմական գործողությամբ նրան և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, դուրս են բերել Կարակասում գտնվող ռազմական բազայից։ Վենեսուելայի իշխանությունները գործողությունը որակել են «իմպերիալիստական միջամտություն»։
Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը
Մադուրոն շաբաթ երեկոյան վայրէջք է կատարել Նյու Յորքում։ Զույգըը ԱՄՆ-ում մեղադրվում է նարկոահաբեկչական դավադրության և կոկաինի մաքսանենգության հետ կապված հանցագործությունների մեջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հանդես գալով հայտարարությամբ, նշել է, որ Վաշինգտոնը «ժամանակավորապես կկառավարի Վենեսուելան», մինչև երկիրը «վերադարձվի կայուն հենքի վրա», ինչպես նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը նախատեսում է վերահսկել երկրի նավթային պաշարների շահագործումը և վաճառքը։ Միաժամանակ մի շարք իրավաբաններ և քաղաքական գործիչներ հարցեր են բարձրացրել գործողության օրինականության շուրջ։
Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ Մադուրոն շարունակում է մնալ երկրի «օրինական նախագահը» և պահանջել է նրա ազատ արձակումը՝ նշելով, որ ռազմական գործողության հետևանքով կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը չի հրապարակվել։
Կարակասում արձագանքները հակասական են եղել․ մի հատվածը դուրս է եկել բողոքի՝ պահանջելով Մադուրոյի վերադարձը, մյուսները՝ աջակցել են նրա հեռացմանը։ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը նախատեսում է հրատապ քննարկում անցկացնել ստեղծված իրավիճակի շուրջ։