Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն շաբաթ օրը հայտնվել է Նյու Յորքի բանտում՝ ամերիկյան հատուկ ջոկատայինների կողմից ձերբակալվելուց և երկրից դուրս բերելուց ժամեր անց։ Ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ այդ երկիրը կանցնի ԱՄՆ արդյունավետ վերահսկողության տակ, հայտնում է AFP-ն։
ԱՄՆ նախագահի հայտարարությանը նախորդել էր լուսաբացին իրականացված կայծակնային գրոհը, որի ընթացքում հատուկ ջոկատայինները ձերբակալել էին Մադուրոյին և նրա կնոջը, մինչ ավիացիան հարվածներ էր հասցնում Կարակասի և դրա շրջակայքի օբյեկտներին։
ԱՄՆ կառավարական ինքնաթիռը, որի մեջ էր Մադուրոն, մթնշաղից անմիջապես հետո վայրէջք է կատարել ռազմաբազայում։ Նրան ուղղաթիռով տեղափոխել են Նյու Յորք, որտեղ ամուսիններին պետք է մեղադրանք առաջադրեն թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառության համար։
Սպիտակ տունը տեսանյութ է հրապարակել, որտեղ ձեռնաշղթաներով և սանդալներով Մադուրոն՝ դաշնային գործակալների ուղեկցությամբ, անցնում է Նյու Յորքում ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության շենքով։ Լսվում է, թե ինչպես է Վենեսուելայի 63-ամյա նախագահն անգլերեն ասում. «Բարի գիշեր, շնորհավոր Ամանոր»։