Նյու Յորքում 16:30-ն էր, երբ «Ստյուարտ» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց Boeing 757 մակնիշի ԱՄՆ կառավարությանը պատկանող ինքնաթիռ, որը կանգ առավ ղեկուղու հատվածում։
Մի շարք ամերիկյան եւ արտասահմանյան լրատվամիջոցներ թույլտվություն էին ստացել նկարահանումներ անցկացնել Նյու Յորքում գտնվող «Ստյուարտ» օդանավակայանում, որը նաեւ ռազմաբազա է։
Վայրէջքից հետո ինքնաթիռին մոտեցվեց նստեցման եւ իջեցման աստիճանը, որից հետո բացվեց ինքնաթիռի դուռը։ Գրեթե 40 րոպե ինքնաթիռից ներսուդուրս էին անում ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ FBI-ի, աշխատակիցներ, Նյու Յորքի տեղական ոստիկաններ, այլ իրավապահներ։
Երկինքն արդեն մթնել էր, երբ մի քանի տասնյակ իրավապահների ուղեկցությամբ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ձեռնաշղթաներով կապված եւ գլուխը ծածկված իջեցրին օդանավից։ Մադուրոն եւ նրան ուղեկցող խումբը մտան օդանավերի հանգույց հիշեցնող սրահ։
Ամերիկյան ԶԼՄ-ները, վկայակոչելով իրենց անանուն աղբյուրներին, հայտնում են, որ Մադուրոն նախնական կալանքը կրելու է Բրուկլինի կալանավորների պահման կենտրոնում։
Միջազգային փորձագետների դիտարկմամբ՝ Մադուրոյի ձերբակալումը թե՛ միջազգային, թե՛ ԱՄՆ դաշնային օրենքի տեսանկյունից կարող է ոչ-լեգիտիմ համարվել, քանի որ ներխուժումը խախտել է վենեսուելական ինքնիշխանությունը, իսկ ԱՄՆ Կոնգրեսն էլ չի արտոնել նախագահին՝ իրականացնել այս գործողությունը։
Համատեքստ
Շաբաթ կեսօրին տված մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել էր, որ ամերիկյան ռազմաօդային ուժերը հարձակում են գործել Վենեսուելայի վրա՝ ձերբակալելով նախագահ Մադուրոյին, նրա կնոջը։
Նախագահ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն է ղեկավարելու Վենեսուելան, մինչեւ հնարավոր լինի իշխանության փոխանցում կազմակերպել։
Թե ի՞նչ նկատի ունի «ղեկավարել» ասելով, Թրամփը չի մանրամասնել, բայց միջազգային իրավունքի մասնագետների տեսանկյունից ԱՄՆ-ի մտադրությունը ՄԱԿ կանոնադրության խախտում է։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ԱՄՆ-ի գործողությունները «վտանգավոր նախադեպ» է կոչել։
«Նա խորապես մտահոգված է, որ միջազգային իրավունքի կանոնները չեն հարգվել», – Գուտերեշի արձագանքն է փոխանցում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջը։
Վենեսուելական իշխանությունները պատրաստակամություն են հայտնել շարունակել պայքարը արտաքին միջամտության դեմ։ Ըստ տեղական աղբյուրների՝ կառավարության ղեկավարումն այժմ իրականացնում է երկրի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը։
Թրամփի խոսքով՝ Ռոդրիգեսը պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ, մինչդեռ Ռոդրիգեսը հայտարարել է, որ Վենեսուելայի միակ նախագահը Նիկոլաս Մադուրոն է, որը իր կնոջ հետ միասին պետք է ազատ արձակվի։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: