Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը ամփոփել է 2025 թվականը

Ինչպես փոխանցում է մասին  Iravaban.net–ը, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը Լուրերին տված ամփոփիչ հարցազրույցում ամփոփել է 2025 թվականը։

«2025 թվականին Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվել են մի շարք փոփոխություններ, հատկապես կառուցվածքային։ Դրանք ներառել են փոփոխություններ նախաքննական ստորաբաժանումներում, օպերատիվ հետախուզական ստորաբաժանումներում և աջակցող ստորաբաժանումներում։ Մասնավորապես, կարող եմ նշել, որ նախկինում Հակակոռուպցիոն կոմիտեում գործող ստորաբաժանումների, նախաքննական ստորաբաժանումների հիմքի վրա ձևավորվել են նոր ստորաբաժանումներ կոնկրետ ուղղվածություններով։ Բացի այդ, ստեղծվել է Ներքին անվտանգության և վերահսկողության վարչությունը, որին չի վերապահվել նախաքննություն իրականացնելու գործառույթ, փոխարենը նրան վերապահվել է վերահսկողական գործառույթ։ Այդ վարչության միջոցով, ըստ անհրաժեշտության, ուսումնասիրվում են տևական ժամանակ քննվող քրեական վարույթները, պարտ և բազմադրվող քրեական վարույթները, և դրանով աջակցություն է ցուցաբերվում նախաքննական մյուս ստորաբաժանումներին։ Անհրաժեշտության դեպքում վարչությունը նաև իրականացնում է ծառայողական քննություններ։

Ինչ վերաբերում է օպերատիվ հետախուզական ստորաբաժանումում կատարված փոփոխություններին, ապա պետք է նշել, որ նախկինում ունեցել ենք մեկ օպերատիվ հետախուզական վարչություն։ Երկարատև քննարկումներից և ամփոփումներից հետո եկանք այն եզրահանգման, որ պետք է որոշակի փոփոխություններ անենք այստեղ։ Այս հիման վրա ստեղծվեցին երկու առանձին օպերատիվ հետախուզական վարչություններ և նոր կառուցվածքային ստորաբաժանումներ՝ ինքնուրույն բաժիններ։ Դրանցից մեկը տեղեկատվական վերլուծական բաժինն է, իսկ երկրորդը՝ օպերատիվ տեխնիկական բաժինը։

Բացի այդ, նախադեպը չունեցող եմ համարում նաև մարզային ստորաբաժանումների ձևավորումը։ Մասնավորապես, փոփոխությունների արդյունքում մենք ձևավորեցինք Լոռու և Շիրակի, ինչպես նաև Վայոց ձորի և Սյունիքի տարածքային օպերատիվ ստորաբաժանումները, որոնք տեղերում պետք է թիրախային պայքար մղեն կոռուպցիոն երևույթների դեմ։

Հատկապես կարևորում եմ տեղեկատվական-վերլուծական բաժնի աշխատանքները այս առումով։ Այն նպատակ ունի վերհանել, ուսումնասիրել և վերացնել պետական գնումների, մրցույթների գործընթացում հնարավոր չարաշահումները համապատասխան բազաների և տվյալների վերլուծության միջոցով։ Դրա հիման վրա տվյալներ են փոխանցվում օպերատիվ հետախուզական մյուս ստորաբաժանումներին, որոնք հնարավորություն են տալիս տարբեր ոլորտներում վերհանել կոռուպցիոն երևույթները և արդյունավետ պայքար մղել դրանց դեմ։

Բացի այդ, ուզում եմ նշել, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով ձեռնարկվել են նաև նշանակալի կադրային բարեփոխումներ Հակակոռուպցիոն կոմիտեում։ Այդ բարեփոխումները ներառել են ինչպես նոր նշանակումները, այնպես էլ անհրաժեշտ ազատումները՝ ուղղված աշխատանքի որակական ցուցանիշների և արդյունավետության բարձրացմանը։

Մասնավորապես, Հակակոռուպցիոն կոմիտեն ներկայում որդեգրել է մոտեցում, որպեսզի կառույցը համալրվի բարեվարք, համարձակ և ստեղծագործական մտածողություն ունեցող աշխատակիցներով։ 2025 թվականի ընթացքում մենք ընդհանուր առմամբ հայտարարել ենք շուրջ 15 մրցույթ՝ ինքնավար և օպերատիվ հետախուզական ստորաբաժանումների պաշտոնների համալրման նպատակով, և այդ մրցույթներով ունեցել ենք նաև հաղթող թեկնածուներ, որոնք համապատասխան ընթացակարգերի պահպանմամբ նշանակվել են պաշտոնների»,-հարցազրույցում ամփոփել է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։

Leave a Comment